Այսօր irakanum.com–ը լուր էր տարածել, թե իբր առավոտյան, ժամը 09.45-ի սահմաններում Գլխ. դատախազության շենքի դիմաց պատշաճ հագնված մի երիտասարդ, փողոցը հատելով չթույլատրված հատվածով, քիչ է մնացել ընկնի սև «ՋԻ» դասի Մերսեդեսի տակ: Ջիպի վարորդը երկար ձայնային ազդանշան է տվել, որին երիտասարդը հանդիմանանքով է պատասխանել:
Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ականատեսներն ասում են, որ լսել են, թե չցանկանալով տուգանվել, երիտասարդը ներկայացել է, որպես Սողոմոնյան ու շեշտել, թե Հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն է: Լրատվամիջոցը ենթադրել է, որ տվյալ անձը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն է:
YerevanNews.am-ը լուրը փորձեց ճշտել հենց Վիկտոր Սողոմոնյանից, ով հերքեց այդ տեղեկությունը, նշելով. «Թյուրիմացություն է տեղի ունեցել: Ես բարեբախտաբար նման իրավիճակում չեմ հայտնվել: Ովքեր անհանգստանում են, փոխանցեք, որ առանց միջադեպերի օր եմ անցկացնում: Ես դատախազության շենքի դիմաց չեմ եղել, սովորաբար պատշաճ հագնված եմ լինում և արգելված վայրում փողոցը չեմ հատել, չեմ գոռացել»:


