Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ «եկել է ժամանակը», որ համաձայնություն կնքվի ՀԱՄԱՍ շարժման հետ պատանդների ազատման եւ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վոլֆգանգ Բյուհները, տեղեկացրել է DW-ն։


Իսրայելի շատ նպատակներ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում ձեռք են բերվել, բայց «մարդկային տառապանքները եւ զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում հսկայական են», ասել է Շոլցը Իսրայելի վարչապետին։ Գերմանիայի կառավարության ղեկավարը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային հակամարտության սպառնալիքի հետ կապված։ Միեւնույն ժամանակ, նա հասկացրել է Նեթանյահուին, որ Բեռլինը վճռականորեն դատապարտում է սպառնալիքներն Իսրայելի հասցեին Իրանի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից։

Զրույցի ընթացքում Շոլցը նաեւ նշել է, որ հրադադարը Գազայի հատվածում կարեւոր քայլ կլիներ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի հետ կապված։ «Այժմ, ինչպես երբեք, կարեւոր է դադարեցնել պատասխան բռնության կործանարար պարույրը, նվազեցնել լարվածությունը եւ կառուցողական աշխատանք տանել դեէսկալացիայի ուղղությամբ»,- Գերմանիայի կանցլերի դիրքորոշումը ներկայացրել է Բյուհները։