Փոխհրաձգությունը Լիբանանի հարավային սահմանին չորեքշաբթի հասել է աննախադեպ մակարդակի, Իսրայելն ընդլայնել է իր թիրախների ցուցակը՝ դրանում ներառելով պաղեստինցի պաշտոնյաներին, սպանելով ՖԱԹՀ պաղեստինյան շարժման բարձրաստիճան ղեկավարին, գրել է Arab News-ը։


Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իր հերթին հայտնել է, որ կառավարվող հրթիռ է արձակել իսրայելական տանկի դեմ Աբասիա քաղաքում։

Արաբական ԶԼՄ-ն նշել է, որ սա երկրորդ ուղիղ առճակատումն է իսրայելական բանակի եւ «Հեզբոլլահի» միջեւ մարտական գործողություններն սկսվելու պահից։

Նախորդ 10 ամիսներին գործողությունները սահմանափակվել են հրթիռային եւ հրետանային գնդակոծություններով, օդային հարձակումներով։ Երեքշաբթի երեկոյան Բեքաաում իսրայելական անօդաչուն կառավարող հրթիռ է արձակել մեքենայի վրա՝ սպանելով լիբանանցի վարորդին։


Իսրայելի կողմից Վազանի քաղաքի հրետակոծութան հետեւանքով զոհվել է մի երիտասարդ սիրիացի։ Իսրայելական ինքնաթիռները հարվածել են երկհարկանի տանը Դայրա սահմանամերձ քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ։ Մոտոցիկլավարը հրաշքով է փրկվել իսրայելական անօդաչուի արձակած հրթիռից Շեհաբիա քաղաքում։


Իսրայելական անօդաչուն ցերեկը հարվածել է մեքենային Սիդոն քաղաքում, սպանվել է ՖԱԹՀ-ի պաշտոնաթող սպա Հալիլ Ալ-Մակդան։ Նա ՖԱԹՀ-ի լիբանանյան զինված թեւի՝ «Ալ-Աքսայի նահատակների բրիգադների» ղեկավար Մունիր Ալ-Մակդայի եղբայրն էր։