Կիրակի ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ, հավանաբար, տեղի է ունեցել երկրորդ մահափորձը։ Գործող նախագահ Ջո Բայդենը արձագանքել է եւ հանձնարարել է իշխանություններին գործի դնել քաղաքական գործչին պաշտպանելու բոլոր ռեսուրսները, տեղեկացրել է Սպիտակ տան կայքը։


«Իմ թիմը ինձ տեղեկացրել է այն մասին, որ դաշնային իրավապահ մարմինները հետաքննում են նախկին նախագահ Թրամփի սպանության հնարավոր փորձը։ Կասկածյալը կալանքի տակ է»,- տեղեկացրել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բարձր է գնահատում Գաղտնի ծառայության եւ իրավապահ մարմինների նրա գործընկերների աշխատանքը նախկին նախագահին պաշտպանելու գործում։

«Ես ուրախ եմ, որ նախկին նախագահը չի տուժել»,- ասել է Բայդենը։

Նա տեղեկացրել է, որ այժմ վարվում է միջադեպի հետաքննությունը, եւ իրավապահ մարմինները հավաքում են կատարվածի մանրամասները։

Բայդենն ընդգծել է, որ արդեն բազմիցս ասել է, որ ԱՄՆ-ում քաղաքական կամ որեւէ այլ բռնության համար տեղ չկա։ Ուստի հանձնարարել է շարունակել Թրամփի պաշտպանությունը։

«Ես հանձնարարել եմ իմ թիմին ապահովել Գաղտնի ծառայությանը բոլոր ռեսուրսներով, հնարավորություններով եւ միջոցներով, որոնք անհրաժեշտ են նախկին նախագահի հետագա անվտանգության ապահովման համար»,- նշել է Սպիտակ տան գործող ղեկավարը։