Լեհաստանի Խելմի պատմական տաճարի մոտ ծառերի ճյուղերը մաքրող բանվորները անսպասելի բան են հայտնաբերել, երբ թաղման վայրի նշումներ չունեցող գերեզմանի ոչ խոր փոսում հանդիպել են երկու երեխաների կմախքների, հայտնել են Լեհաստանի մշակույթի նախարարությունից:
Կմախքներից ոչ մեկը թաղված չի եղել դագաղում, իսկ երեխաներից մեկին թաղել են հակավամպիրային թաղմանը բնորոշ առանձնահատկություններով,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ պատմել է հետազոտության ղեկավար հնագետ Ստանիսլավա Գոլուբան։
Ըստ գիտնականի՝ երեխայի գլուխը մարմնից անջատված էր, իսկ գանգը դեմքով ընկած էր ցած՝ հողում դրված քարի վրա։ «Դա, ինչպես նաև կմախքների տեղադրման ձևը, ըստ երևույթին, պայմանավորված են թաղման հնագույն եղանակներով, որոնք կիրառվում էին դիվային արարած համարվող անձի ՝գերեզմանից դուրս գալը կանխելու նպատակով», պատմում է Գոլուբան:
Կմախքներն, ըստ ամենայնի՝ պատկանում են վաղ միջնադարի ժամանակաշրջանին: Երեխաների կմախքները հանվել են գերեզմաններից, փաստաթղթավորվել և սպասում են հետագա վերլուծության, ասված է հաղորդագրության մեջ։
Դա Լեհաստանում հայտնաբերված աճյունների շարքում վերջինն է, որոնք թաղվել են այնպես, որ մարդիկ այն ժամանակ կարծում էին, թե գործ ունեն վամպիրների կամ այլ գերբնական արարածների հետ: 2022 թվականին լեհ հետազոտողները Պեն գյուղի գերեզմանոցում հայտնաբերել են կնոջ աճյուն, որի պարանոցին մանգաղ էր հենված, իսկ ոտքին՝ եռանկյուն կողպեք։
Ըստ հնագույն հավատալիքների՝ կողպեքը պետք է թույլ չտա, որ վամպիր համարվող մահացածը հառնի մեռելներից։ Ենթադրվում էր, որ մանգաղը կկտրի վիզը, եթե դիակը փորձի բարձրանալ գերեզմանից: Տորունի Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի պրոֆեսոր Դարիուշ Պոլինսկին պատմում է, որ ամբողջ Լեհաստանում նման պրակտիկան լայն տարածում է գտել 17-րդ դարում՝ վամպիրների համաճարակի պատմություններին ի պատասխան: