Ամերիկյան Honeywell Aerospace Technologies ընկերությունը ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար անօդաչու թռչող սարքերի շարանի դեմ պայքարի շրջանակում ստացիոնար և մոբիլային ԱԹՍ-ների հայտնաբերման և խոցման նոր համակարգ է մշակել, գրում է Interesting Engineering-ը։

Բազմաաստիճան համակարգը կարող է հայտնաբերել, հետևել և հակազդել անօդաչու թռչող սարքերի կուտակումներին՝ տեսադաշտից դուրս հաղորդակցությունները համատեղելով հրամանատարական և վերահսկման հնարավորությունների հետ:


Այն կարող է տեղակայվել տրանսպորտային միջոցների կամ ֆիքսված հարթակների վրա՝ արժեքավոր ակտիվները պաշտպանելու համար:

Համակարգը մշակվել է այնպիսի պաշտպանական արտադրողների բաղադրիչների ինտեգրմամբ, ինչպիսին են Blue Halo, Leonardo DRS, Pierce Aerospace, Silent Sentinel, Walaris, Rocky Research և Versatol ընկերությունները:

Այդ բաղադրիչները ներառում են ռադիոհաճախականությամբ (RF) հայտնաբերում սենսորային տեխնոլոգիայի կիրառմամբ, որը լույսն օգտագործում է օբյեկտներ հայտնաբերելու, հետևելու և նույնականացնելու համար:

Honeywell-ը նշել է, որ C-UAS անվանումը ստացած նոր համակարգը ներառելու է արհեստական ​​բանականության (AI) վրա հիմնված ստուգված տեխնոլոգիաներ, չկանխամտածված էլեկտրոնային ճառագայթումների հայտնաբերում, կիբերանվտանգություն, էլեկտրոնային պատերազմի պլատֆորմի խափանումներից պաշտպանություն և պաշտպանված տվյալների/հաղորդակցությունների քվանտային ծածկագրում:


Ընկերության խոսնակը հայտնել է, որ Honeywell-ը համակարգում ինտեգրում է առաջադեմ հրամանատարական և կառավարման համակարգեր, մի քանի ռադարներ, էլեկտրաօպտիկական (EO), ինֆրակարմիր (IR) դետեկտորներ, արհեստական բանականության օժանդակությամբ աշխատող դետեկտորներ և բազմաշերտ ռադիոհաճախականության պայքարի հնարավորություններ:

Ըստ ընկերության ներկայացուցչի՝ կինետիկ և ուղղորդված էներգիայի օգտագործման մի շարք տարբերակներ հնարավորություն կընձեռեն չեզոքացնելու անօդաչու թռչող սարքերի կուտակումները։