Խայտառակության խարանը ընկած է նաեւ Ղարաբաղի հայերի անվտանգության միջազգային երաշխավորների վրա։ Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցի ժամանակ սեպտեմբերի 19-ին ասել է «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ հայ ժողովուրդը նորից արտաքսվեց իր հողերից՝ դա անվանելով խայտառակության հերթական օր հայ ժողովրդի պատմության մեջ։
Նրա գնահատմամբ՝ այդ խայտառակության խարանը ընկած է, առաջին հերթին, Հայաստանի իշխանությունների վրա, «որոնք իրենց հանցավոր վարքով հասցրին այս վիճակին»։ «Այդ խայտառակության խարանը ընկած է նաեւ մեր ամբողջ հանրության վրա, որը մինչ այժմ հանդուրժում է այս իշխանությունների գոյությունը։ Լեռնային Ղարաբաղի հայերը այն օրերին միայնակ մնացին իրենց պայքարում։ Մենք նրանց հետ միասին նրանց տուն վերադարձի հույս ենք տածում։ Հաղթանակի այլ այլընտրանք մեզ համար չկա։ Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ նորից կնշենք մեր հաղթանակները»,- ավելացրել է Գալստանյանը։
Շարժման ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ հայ ռազմագերիները պատանդ են Ադրբեջանում Հայաստանի իշխանությունների եւ Ադրբեջանի թշնամական իշխանությունների հանցավոր համագործակցության հետեւանքով։ «Այսպես կոչված միջազգային հանրությունը անտարբեր է նաեւ այս հարցում՝ ելնելով քաղաքական շահերից։ Մենք պետք է հասնենք նրանց վերադարձին»,- ասել է նա։