«Հրապարակը» գրում է, թե Դաշնակցության «տանը» լուրջ կռիվ է Վահան Հովհաննիսյանի մանդատի համար: Հիշեցնենք. ընկեր Վահանն սպասում է իր ագրեմանին` Գերմանիայում դեսպան նշանակվելու համար:
«Ըստ մեր աղբյուրների` ՀՅԴ-ն եւ Վահան Հովհաննիսյանը չեն շտապում այս հարցում, հակառակը՝ ուզում են, որ նշանակումը հնարավորինս ուշ լինի, որ հանրային «աղմուկը փոքր-ինչ դադարի»: Ոմանք Հովհաննիսյանի թափուր մանդատի առնչությամբ ՀՅԴ-ին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել գենդերային քաղաքականությանը եւ պառլամենտ բերել գեղեցիկ սեռին, ի դեմս Ռուզան Առաքելյանի եւ կամ Լիլիթ Գալստյանի: Սակայն դա պրակտիկորեն անհնարին է, քանի որ նրանցից առաջ մեծ թվով մարդիկ կան, եւ վերջիններիս հրաժարեցնելն այդքան էլ հեշտ չէ, ուստի ընկեր Վահանի մանդատը կանցնի ոչ թե ՀՅԴ հայտնի տիկնանցից որեւէ մեկին, այլ «Ավշարի» Գրիգորյան եղբայրներից Արամայիսին, որն էլ թվով երկրորդ բիզնես-պրոյեկտը կլինի ՀՅԴ խմբակցությունում` «Գրանդ քենդիի» ներկայացուցչից հետո:
Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը ՀՅԴ քվոտայով գյուղնախարար է եղել, նրա Արայիկ եղբայրն արդեն իսկ պատգամավոր է` անկախ ստատուսով, սակայն ջերմորեն հարում է ՀՀԿ-ին: Գրիգորյաններն անչափ մեծ ծառայություններ են մատուցել ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին եւ համարվում են Արարատի մարզում «ասողներ»,- գրում է թերթը: