«Ֆիլմն որպես առանձին միավոր պետք է հետաքրքիր լինի բոլորի համար, տարիքային շեմը կինոթատրոններում նշված է 12+, բայց 6 տարեկաններն էլ կարող են դիտել ու հաստատ իրենց համար էլ հետաքրքիր կլինի։ Մենք հաշվի ենք առել նաև, որ այս ֆիլմը պետք է հետաքրքիր լինի մեծերի համար, ըստ մեզ՝ դա մեզ մոտ ստացվել է, իհարկե, ամենաճիշտ գնահատականը կտա մեր հանդիսատեսը»,-այս մասին «Դեպի ճամբար. հատուկ ջոկատ»-ի պրեմիերային լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը:

Ըստ նրա ՝ երեխաների համար կոնտենտ պատրաստելը բավական բարդ պրոցես է և ոչ բոլորն են մտնում այդ պատասխանատվության տակ։

«Մենք վաղուց ունեցել ենք այդ համարձակությունը, քանի որ մենք դերասանական դպրոց ունենք ու ամեն օր շփվում ենք երեխաների հետ, ու երեխաներին մոտ կանգնած լինելով՝ պատկերացնում ենք, թե ինչ պահանջներ ունեն նրանք և ինչ հետաքրքրություններ։ Ուստի՝ մեզ համար ավելի հեշտ է արտադրել կոնտենտ, որը հասկանալի կլինի փոքր տարիքի երեխաների և դեռահասների համար։ Կարճ ասած այս ֆիլմը ընտանեկան դիտման համար է ու կարող են դիտել բոլորը»:

Ֆիլմում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ղեկավարած ստուդիայի սանները.

«Ֆիլմի գլխավոր հերոսուհին մեր շատ սիրելի աշակերտուհին է՝ Մանուշակ Անտոնյանը, ով տարիներ շարունակ սովորել է «Տրիո»ստուդիոյում ու ստացել է կրթություն, և սա նաև մեր դպրոցի լավագույն հաշվետվությունն է, որ մեր աշակերտներն իրենց սովորածը կարողանում են կիրառել պրակտիկայում։ Ֆիլմում նկարահանվել են բացառապես մեր ստուդիայի աշակերտները, և սա մեզ համար իրոք հպարտանալու առիթ»,-ասաց Գրիգոր Դանիելյանը:

Հավելենք, որ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը,Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Հարությունյանը, Լիլի Էլբակյանը, Մարիամ Ալեքսանյանը, Սամվել Թոփալյանը, Սուրեն Թումասյանը, Վաչե Երիցյանը, Վահագն Գալստյանը, Ալբերտո Դանիելյանը և այլք: