Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները աստիճանաբար հասկանում են, որ Ուկրաինան ստիպված կլինի բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ և հրաժարվել իր կորցրած տարածքներից, ինչպես նաեւ քննարկվում է ՆԱՏՕ-ին միանալու դիմաց տարածքները Ռուսաստանին հանձնելու հնարավորությունը։ Այս մասին խմբագրականում գրում է Financial Times (FT) պարբերականը։
Ինչպես նշվում է նյութում, «Վաշինգտոնում և արևմտյան որոշ մայրաքաղաքներում», ինչպես նաև Կիևում «տրամադրությունը փոխվում է»։ «Վճռականությունից, որ պատերազմը պետք է դադարեցնել միայն այն բանից հետո, երբ ռուսական բանակը կքշվի Ուկրաինայից, դժկամությամբ անցնում են տեսակետին, որ լավագույն տարբերակը, որի հույսը կարելի է ունենալ, կլինի բանակցային ճանապարհով հակամարտությունը կարգավորելը, ինչը թույլ կտա անձեռնմխելի պահել երկրի մեծ մասը: Այնուամենայնիվ, Կիևը բավարար աջակցություն չի ստանում նույնիսկ նման շատ ավելի համեստ նպատակին հասնելու համար», - նշում է պարբերականի աշխատակազմը։
FT-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ներկայիս իրավիճակը չափազանց տագնապալի է Ուկրաինայի համար՝ կապված Դոնբասում ուկրաինական զինված ուժերի նահանջի, ձմռան մոտենալու և ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին, ինչը շեղում է իր դաշնակիցների ուշադրությունը։
Ինչպես ասվում է հոդվածում, «փակ դռների հետևում խոսվում է մի գործարքի մասին, որը թույլ կտա Մոսկվային արդյունավետորեն վերահսկողություն պահպանել» Ռուսաստանի զինված ուժերի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ, մինչդեռ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, ինչը կերաշխավորի երկրի անվտանգությունը Կիևի կողմից վերահսկվող սահմաններում: Ավելի վաղ FT-ին տված հարցազրույցում դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ակնարկել էր այս հնարավորության մասին։
Բրիտանական թերթի դիտորդների կարծիքով՝ Մոսկվան այժմ քիչ հետաքրքրված է երկխոսությամբ, որը կարող է ավարտվել նմանատիպ ելքով։ Կիևի բանակցային դիրքերն ամրապնդելու համար ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջարկվում է զգալիորեն մեծացնել ռազմական և դիվանագիտական աջակցությունը Կիևին։