Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախագահական ընտրությունների գնահատականներին:

Արոտյանը մասնավորապես գրել է.

«Իհարկե, մենք ժողովրդավարություն ենք կառուցում նախևառաջ մեզ համար: Հայաստանի քաղաքացին է ընտրել իր հիմնադրած պետության համար զարգացման նման ուղի:


Ժողովրդավարությունը Soft չէ, համակարգչային ծրագիր չէ, որ բերել-ներբեռնես, ու այն անթերի աշխատի:

Ժողովրդավարական մշակույթի ձևաևորումը ընթացք է, ուղի, որն անցնում ենք միասին, երևույթ, որն ապրում ենք միասին, նպատակ, որին ձգտում ենք միասն:

Ժողովրդավարությունն անվերջ կատարելագործվող համակարգ է, սակայն այն ունի իր այն կետը, հանգրվանը, որից հնարավոր չէ այլևս հետ գլորվել:

Այդպիսին էին 2013 նախագահական ընտրությունները: Նրանք արդեն դարձել են պատմական արժեք, որպես Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ երևույթ, ֆենոմեն, որն հնարավոր դարձավ բոլորիս միասնական ջանքերով` իշխանություն, ընդդիմություն, մամուլ, հասարակական կազմակերպություններ, ՀՀ շարքային քաղաքացիներ: 

Գնահատենք այս ձեռքբերումը, անկախ այն հանգամանքից, թե արդյունքները մեր սրտով են թե ոչ:

Կրկնեմ, ժողովրդավարական պետություն կառուցելու ընտրությունն արել է Հայ ժողովուրդը իր ազատ կամարտահայտման միջոցով, որպես ուժեղ և մրցունակ պետություն կառուցելու աշխարհում գոյություն ունեցող լավագույն միջոց: 

Եվ պատահական չէ, որ նույն "աշխարհը', ունենալով ժողովրդավարության ընդհանրական ստանդարտներ, հետևել և գնահատել է նաև մեև ընտրությունները: 

Բարդ հապավումներով միջազգային կառույցների դիտորդական առաքելությունները, ընդծելով, որ թերևս առկա են որոշ խնդիրներ, այնուհանդերձ շեշտում են ու փաստում, որ Հայոց պետությունն ունեցավ վերջապես համաշխարհային միջազգային աստանդարտներին համապատասխանող ընտրություններ: 

ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԵԽ, ԱՊՀ ՄԽՎ, ICES` բոլորը տվել են նույն բարձր գնահատականը անցած ընտրություններին: 

Հ.Գ. Եվ վերջում: Դադարենք ծամել "ոչ մրցակցային ընտրությունների" մաստակը: 
Դրանով վիրավորում ենք այն մարդկանց, որոնց ձայների շնորհիվ հիմնական ընդդիմադիր թեկնածուն հաղթանակ է տոնել մի շարք քաղաքներում, տասնյակ ընտրատեղամասերում, հավաքել է ձայների 1/3-ից ավելին ու փորձում է հետընտրական գործընթացներ մեկնարկել: 

Ինչպես կարող էին ընտրությունները լինեին ոչ մրցակցային, եթե կար նման արժանի և ուժեղ մրցակից...»: