Ցինցինատիի համալսարանի գիտնականները պարզել են, որ էկոլոգիական ֆենոլները, որոնք մտնում են շամպունների եւ պլաստիկե ամանեղենի բաղադրության մեջ կարող են փոխել սրտի էլեկտրական ակտիվությունը եւ խախտել նրա ռիթմը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Health ամսագրում։
Հետազոտողներն օգտագործել են Fernald Community-ի տվյալները, որի մեջ մտել է մոտ 10 հազար մարդ, նրանք ապրել են ուրանի վերամշակման գործարանի մոտ Ֆերնալդում (ԱՄՆ), Ցինցինատիից ոչ հեռու։ Խմբի մեծ մասն ուրանի ազդեցությանը չի ենթարկվել։
Գիտնականները հավաքել են մասնակիցների սրտի էլեկտրական ակտիվության տվյալները ԷԿԳ-ի օգնությամբ։ Փորձարկվողներից վերցվել են նրանց մեզի նմուշները՝ գնահատելու համար օրգանիզմում շրջակա միջավայրի ֆենոլների խտությունը։ Բնական ֆենոլներն առկա են սպառողական շատ ապրանքներում, նաեւ շամպուններում, որպես կոնսերվանտներ։ Հետեւաբար, մարդիկ մշտապես ենթարկվում են այդ քիմիական նյութերի ազդեցությանը։
Արդյունքները ցույց են տվել, որ էկոլոգիական որոշ ֆենոլների ինտենսիվ ազդեցությունը կապված է եղել սրտի էլեկտրական ակտիվության փոփոխության հետ։ Մասնավորապես, գիտնականները հայտնաբերել են, որ BPA-ն, BPF-ն եւ BPA+F-ը դանդաղեցրել են էլեկտրական ազդանշանների փոխանցումը նախասրտերից սրտի փորոքի վերին մասին կանաց մոտ։
Հայտնաբերվել է նաեւ, որ տրիկլոկարբանի (հակաբակտերիալ քիմիական նյութ անձնական հիգիենայի միջոցներում) ազդեցությունը հանգեցրել է QT միջակայքի մեծացման։ Դա նշանակում է, որ սրտի էլեկտրական համակարգին անհրաժեշտ է եղել շատ ժամանակ վերալիցքավորվելու համար։ Սա հղի է սրտի ռիթմի խանգարմամբ։
Հետազոտողները նշել են, որ ֆենոլների ազդեցության տիպիկ մակարդակները վտանգավոր չեն մարդկանց մեծ մասի համար։ Սակայն սրտի փոփոխված էլեկտրական ակտիվությունը կարող է խորացնել առկա հիվանդությունները կամ առիթմիան։