Քրեական գործը մակագրվում է մի դատավորի, որը եղել է ՔՊ կուսակցության անդամ, նաև եղել է պատգամավորական թեկնածու. այսինքն՝ նման մարդուց այստեղ ակնկալել արդարադատություն, պարզապես միամտություն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։


Հարցին՝ արդյո՞ք իրենք մտավախություն ունեն, որ Ռոբերտ Քոչարյանին կկալանավորեն, Լևոն Քոչարյանն ասաց.

«Իրավական առումով թվում է թե կալանավորելու հնարավորություն չեն կարող ունենալ, բայց վերջին 6 տարիներին այնքան բան տեսանք՝ իմ գործից սկսած մինչև շատ այլ գործեր, որ ինչ ուզեն կարող են անել այս ամենաթողության շրջանում»։


Հարցին՝ երբ անցել է վաղեմության ժամկետը, ապա ինչո՞ւ են գնում այս քայլին, Լևոն Քոչարյանն ասաց. «Իրենք պետք է ներողություն խնդրեին, որովհետև հայրս 1.5 նստել է մի հոդվածով, որը հակասահմանադրական էր։ Նպատակն է նաև ավելորդ քաշքշուկ ստեղծել թե՛ մեր համար, թե՛ մեդիայի համար առիթ ստեղծել՝ նորից խոսելու, ինչ–որ բաներ հիշեցնելու համար։ Սա անում են մի մարդիկ, որոնց պատճառով հայրենիքի մի մեծ մաս են կորցրել, հազարավոր մարդիկ են զոհվել, սակայն փորձում են 16 տարվա դեպքերը, որոնց առանցքային դերակատարները հենց իրենք էին, ակտիվ պահել. շոուի մի մաս է»։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում արդարացումից երեք տարի անց վերաբացվել ու քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի և նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործը։ Վճռաբեկ դատարանը դատարանը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը։