Եվրամիության ինը հարավային երկրների ղեկավարները խոստացել են աջակցություն ցուցաբերել Լիբանանի զինված ուժերին՝ վերականգնելու երկրի հարավի վերահսկողությունը, այն հույսով, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, տեղեկացրել է Euronews-ը։


MED9 խմբի՝ Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մալթայի, Կիպրոսի, Սլովենիայի, Պորտուգալիայի եւ Խորվաթիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում ասվում է, որ նրանք «կշարունակեն աջակցել Լիբանանին եւ նրա ժողովրդին, այդ թվում լիբանանյան զինված ուժերին, որոնք կոչված են կարեւորագույն կայունացնող դեր խաղալու»։

«Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը լուրջ տագնապ է առաջացնում։ Մենք մեր խիստ անհանգստությունն ենք հայտնում Իրսայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ ռազմական առճակատման թեժացման առիթով»,- նշված է ԵՄ ինը երկրների ղեկավարների հայտարարությունում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսում ասել է, որ Լիբանանի ԶՈւ վերադարձը երկրի հարավ եւ ինքնիշխանության վերականգնումը «անհրաժեշտ են երկրում խաղաղության եւ կայունության համար»։

«Մենք հաստատել ենք հրադադարի անհրաժեշտությունը, եւ այդ հրադադարն անհրաժեշտ է ինչպես Գազային, այնպես էլ Լիբանանին։ Դա մեզ պետք է այժմ, հանուն մեր պատանդների, հանուն քաղաքացիական բնակչության, որը դարձել է բռնության զոհ, եւ որպեսզի խուսափենք տարածաշրջանի բռնկումից, որը սպառնում է կայունությանը ողջ տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս»,- ասել է նա։


Ֆրանսիայի նախագահը չի նշել, սակայն, թե ինչպիսին է լինելու այդ աջակցությունը։

Նա միայն նշել է, որ հոկտեմբերի 24-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսը ուղղված է լինելու Լիբանան հումանիտար օգնության մատակարարումների ավելացմանը, ինչպես նաեւ զինված ուժերի եւ երկրի ներքին անվտանգության ուժերի ամրապնդմանը։ Կոնֆերանսի նախաշեմին Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտնել են, որ «Մեծ յոթնյակի» երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ նույնպես կքննարկվեն լիբանանյան բանակին օգնության ցուցաբերման միջոցները՝ հարավ շարժվելու համար։