Ալիկանտեի համալսարանի իսպանացի կլիմայագետները բացատրել են հոկտեմբերի վերջին Վալենսիայում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի պատճառը: Աղետի զոհ է դարձել ավելի քան 155 մարդ։ Այս մասին հայտնում է Live Science պորտալը։


Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 29-ին, Վալենսիայի որոշ շրջաններում ընդամենը մի քանի ժամում գրանցված տեղումները համարժեք են եղել գտարեկան նորմային: Տեղ-տեղ երկնքից թափվող ջրի ծավալը հասել է 500 լիտրի մեկ քառակուսի մետրի վրա։

Փորձագետների կարծիքով, աղետի պատճառ է դարձել Depresión Aislada en Niveles Altos (DANA) երևույթը, որը թարգմանաբար նշանակում է «բարձր մակարդակների մեկուսացված դեպրեսիա»։

DANA-ն «սառը կաթիլ» երևույթի ուժեղացված տարբերակն է Այն տեղի է ունենում, երբ տաք օդի զանգվածը մոտ 9 հազար մետր բարձրության վրա բախվում է անշարժ սառը ճակատին։

Մթնոլորտի վերին շերտերում շատ ուժեղ քամու հոսանք կա, որը գոտեվորում է Երկիրը։ Երբեմն այս հոսանքը սկսում է տատանվել: Երբ դա տեղի է ունենում, տատանումը կարող է սառը օդը պահել մեկ տեղում:

Երբ սառը և շատ տաք օդը հանդիպում են, ջերմաստիճանի զգալի տարբերություն է առաջանում, որը ստիպում է, որ տաք օդային զանգվածները վեր բարձրանան՝ հագենալով ջրային գոլորշիներով: Եթե ջերմաստիճանի այս հակադրությունը զուգորդվում է Միջերկրական ծովի խոնավության հետ, ապա արդյունքը դառնում են սաստիկ փոթորիկներն ու հորդառատ անձրևները:

DANA-ն բնութագրվում է շատ առատ տեղումներով, որոնք գերազանցում են որոշ փոթորիկների տեղումների քանակը:

Ըստ օդերևութաբանների, վերջին DANA-ն ամենաուժեղն էր Իսպանիայում 21-րդ դարի սկզբից ի վեր։ Ամենահորդառատ անձրևներն առաջացել են Վալենսիայի ափերի մոտ 22°C ջրի ջերմաստիճանի պատճառով, որը տարվա այս եղանակի կլիմայական նորմայից բարձր է:

Գիտնականները նշել են, որ վերջին աղետի մասշտաբները ուղղակիորեն կապված են կլիմայի փոփոխության հետ, քանի որ Միջերկրական ծովը տաքանում է արագացված տեմպերով։ 1980-ականներից նրա ջրերը տաքացել են 1,5°C-ով, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է այս տարածաշրջանում օդի ջերմաստիճանի բարձրացումը նույն ժամանակահատվածում։