Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանն այն քչաթիվ երկրներից, է, որը կրճատել է աղքատության մակարդակը՝ 35,7-ից հասցնելով 19 տոկոսի։ Այս մասին «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային կոնֆերանսում նոյեմբերի 5-ին ասել է Խաղաղության նոբելյան մրցանակակիր (երեխաների իրավունքների համար պայքարի եւ մանկական աշխատանքի բացառման գծով) Քայլաշ Սաթյարթհին։
Նա շնորհավորել է Հայաստանին նախագծերի նախաձեռնության համար, որոնցից մեկը կապված է արժանապատիվ աշխատանքի հետ։
Նրա խոսքով՝ համագործակցությունը Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ կարեւոր նշանակություն ունի։
«Կարեւոր է այն ռազմավարությունը, որն ուղղված է զբաղվածության ոլորտի զարգացմանը։ Ընդունվել է շատ կարեւոր հավակնոտ ծրագիր 100 հազար աշխատատեղ ստեղծելու մասին»,- ավելացրել է նա։
Նա նշել է աշխատանքի հավասար, արժանապատիվ պայմանների ստեղծման կարեւորությունը։
«Ողջ աշխարհում կանանց վճարում են 23 տոկոսով ավելի քիչ, քան տղամարդկանց, եւ դա մարտահրավեր է։ Միջազգային հանրությունը փորձում է լուծել այդ խնդիրը, ինչպես նաեւ պայքարել հարկադիր աշխատանքի դեմ, այդ թվում երեխաների շրջանում։ Մոտ 15 մլն երեխա հարկադիր աշխատանքի զոհ է, եւ դա լուրջ թիվ է»,- ընդգծել է Նոբելյան մրցանակակիրը։
Նա տեղեկացրել է, որ 2016-ից աշխարհը դարձել է ավելի հարուստ 14 մլրդ դոլարով, բայց այդ միջոցները բաշխված են անհավասարաչափ։
Սաթյարթհին ասել է, որ այս տարիներին 19 հազար երեխա ամեն շաբաթ դառնում է աշխատանքային թրաֆիքինգի զոհ։
«Տարեկան 53 մլրդ դոլարը կարող է ապահովել երեխաների կրթությունը եկամուտի ցածր մակարդակ ունեցող երկրներում։ Դա ավելի քիչ է այն գումարից, որն ամեն շաբաթ ծախսվում է ռազմական արդյունաբերության ոլորտում»,- նշել է նա։