«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Դավիթ Երեմյանն այս կադրից հետո թիրախում է հայտնվել. հորդորում են բոյկոտել նրա բիզնեսները:

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի 141-րդ տողում տեղ գտած «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերության դեմ արշավ է սկսվել։

Համացանցում օգտատերերը հորդորում են «սեւ ցուցակ» գցել «Երեմյաններ» ընկերությանը եւ նրանց պատկանող ռեստորանները:

Իսկ ի՞նչն է նման աղմուկի պատճառը։ Բանն այն է, որ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Երեմյանն օրերս դարձյալ հանդիպում էր ունեցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, խոնարհվելով բարեւել էր նրան, ինչը ֆիքսել են կադրերում: Հենց դրանից հետո սկսեցին հորդել բացասական մեկնաբանությունները եւ հրապարակումները։ Օգտատերերից շատերը հրապարակումներ արեցին, որ չպետք է այլեւս այցելել Երեմյաններին պատկանող «Լավաշ», «Շերեփ», «Պանդոկ Երեւան», «Սիզնս» ռեստորաններ, եւ ընկերների ցանկից պետք է հեռացնեն Դավիթ Երեմյանին:

Այս ամենի պատճառը իշխանությունների հետ մերձեցումն է, քանի որ Դավիթ Երեմյանը, կարծես, դարձել է իշխանության «կից գործարարը»:

Նա գրեթե բաց չի թողնում ոչ մի իշխանական միջոցառում կամ դրամահավաք։ Նա եզակիներից է, որ պետական եւ միջազգային ֆինանսավորմամբ ստեղծել է խելացի անասնագոմ։

Դավիթ Երեմյանը միակն է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից՝ ԱՆԻՖ-ից, ստացավ գյուղատնտեսությունը զարգացնելու համար ներդրում։ Նա նաեւ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ, որպես պատվիրակության անդամ, 2023 թվականին մեկնել էր Լոնդոն։ Ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության «կցորդ օլիգարխի» վարքագիծ։

Ի դեպ, հոկտեմբերի 31-ին կայացած «հաջողակ տղամարդկանց» թանկարժեք ընթրիքն էլ հենց Երեմյանների բարձրաճաշակ «Լիվինգսթոնում» էր կազմակերպվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: