Տրանսպորտի բոլոր տեսակների շարժը Ռազմավիրական ճանապարհի՝ ՌԴ-ից Վրաստան տանող հատվածում «Վերին Լարս» անցակետով վերականգնվել է Հյուսիսային Օսիայում, չորեքշաբթի տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ հանրապետական ԳՎ մամուլի ծառայությունը։
«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկության ապահովման հնարավորության հետ կապված՝ թույլատրվել է ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկը Վլադիկավկազ-Լարս հատվածում երկու ուղղություններով, նոյեմբերի 6-ին, ժամը 6.20-ից, մինչեւ հատուկ կարգադրություն»,- նշվել է հաղորդագրությունում։
Ավելի վաղ բեռնատարների անցումը Ռազմավիրական ճանապարհում Վրաստանի տարածքում դադարեցվել էր նոյեմբերի 5-ի առավոտվանից, եղանակային պայմանների վատացման պատճառով։
Ռազմավիրական ճանապարհն անցնում է բարձր լեռնային շրջանով եւ ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի եւ Հայաստանի հետ։