«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Անդրանիկ Քոչարյանը կրկին «կանչվել» է նոյեմբերի 12-ի ՔՊ վարչության նիստին՝ բացատրություններ տալու իր հրահրած ներքին խարդավանքների համար:

Թեեւ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, հերքում կամ կիսատ, վախվորած ձևակերպումներով են հաստատում իրենց ներթիմային տարաձայնությունների մասին, այնուամենայնիվ, դրանք ավելի են խորանում, և «ծեր աղվես» որակմանն արժանացած տարեց ՔՊ-ական բեղերով պատգամավորը շարունակում է ինտրիգներ հյուսել թիմի ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթն իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ վարչության վերջին նիստի ընթացքում ՔՊ վերնախավը փորձել է պարզաբանել, թե Անդրանիկ Քոչարյանն ինչու է վատաբանում Հրաչյա Հակոբյանին (վարչապետի աներորդուն), Սիսակ Գաբրիելյանին և այդ թևի մյուս ներկայացուցիչներին՝ նրանց կապելով խաղադրույքներով և թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ և՛ Հրաչյա Հակոբյանը և՛ Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Անդրանիկ Քոչարյանը պետք է ապացուցի իր ասածները, կա՛մ պետք է պաշտոնազրկվի: Ու քանի դեռ երկուսից որևէ մեկը տեղի չի ունեցել, Գյումրու ընտրությունների կազմակերպչական ու ՔՊ թեկնածու Կարեն Սարուխանյանի՝ թմրանյութի թեստ հանձնելու հրահանգից զատ՝ քննարկվել է նաև Անդրանիկ Քոչարյանի ոչ թիմային վարքագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որպեսզի կողմնապահություն չդիտվի, վարչությունն այդ օրը դիրքորոշում չի հայտնել, այլ Նիկոլ Փաշինյանը փորձել է «խրատել» կողմերին և «ամոթանք տալ» անպատասխանատու պահվածքի, հայտարարությունների համար, և հարցը էլի մնացել է առկախված: Այնպես որ, հայտարարված «հրադադար»-ը դեռ վերջնական չէ. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում:

Նկատենք, որ 2021 թվականից ՔՊ-ական դարձած Քոչարյանին պաշտպանողների թիվը կուսակցությունում, խմբակցությունում օր օրի պակասում է»:

Լուսանկարում հակամարտող կողմերն են՝ նոյեմբերի 12-ի նիստում:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: