Նախագահից հետո Վրաստանի խորհրդարանի 30 ընդդիմադիր պատգամավորներ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով, հայտնում է Georgia News-ը։


«Միասնություն» կոալիցիայի առաջնորդներից Թամար Կորձայան ասել է, որ այս հայցերը բացառում են հոկտեմբերի 25-ին նոր խորհրդարանի նիստ գումարելու հնարավորությունը։

«Քանի որ վիճարկվում է խորհրդարանի բոլոր 150 անդամների ընտրության սահմանադրականությունը, նոյեմբերի 25-ին կամ 26-ին Իրակլի Կոբախիձեի հայտարարած նոր խորհրդարանի նիստը հակասահմանադրական կլինի մինչև դատարանի որոշումը»,- ասել է Կորձայան։


Այնուհետ ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ Թբիլիսիի պետական ​​համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ գտնվող վրանային ճամբարը կվերականգնվի, և ակցիան կշարունակվի այդ վայրում։

Սակայն առավոտյան ժամը վեցի սահմաններում ոստիկանությունը կրկին բռնի ուժով դուրս է բերել բողոքի ակցիայի մասնակիցներին Ճավճավաձեի պողոտայից։

Բախումներ չեն եղել։ Ոստիկանությունը ցուցարարներին դանդաղ դուրս է մղել ԹՊՀ-ի դիմացի տարածքից՝ Մելիքիշվիլիի պողոտա։ Ցուցարարները կազմակերպված նահանջել են, այս անգամ նույնիսկ կարողացել են ապամոնտաժել վրաններն ու տեխնիկան։ Ակցիան ցրելու մասին նախազգուշացումը տրվել է 15 րոպե առաջ։ Տեղում գտնվող «Միասնության» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հավաքվածներին կոչ է արել նահանջել դեպի ֆիլհարմոնիա։

Որոշ ժամանակ անց Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում նոր ընտրությունների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները ցրվել են։

«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Ջափարիձեն, ասել է, որ բողոքի նոր ձևի մասին որոշումը կհամաձայնեցվի և կհայտարարվի։ Նրա խոսքով, Մելիքիշվիլիի վրա տարածքի շրջափակումը կորցրել է իր իմաստը, քանի որ դա իշխանությունների համար մեծ անհանգստություն չի առաջացնում։ «Մենք որոշեցինք հետաձգել միջոցառումը, մտածել մեկ այլ վայրի կամ բողոքի ձևի մասին, որը նրանց ավելի մեծ անհանգստություն կպատճառի», - ասել է Ջափարիձեն:

Միասնության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ ուժերը վերախմբավորելու և «ենթակառուցվածքային նախապատրաստման» համար կարճ ժամանակամիջոց է անհրաժեշտ, քանի որ տեխնիկայի և վրանների մի մասը ոստիկանությունը տարել է։