Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքի ամանորյա ձևավորման համար կհատկացվի 60 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Անդրադառնալով նրան, որ այս տարի քաղաքը զարդարելու գործընթացն ավելի շուտ է սկսվել, նա ասաց. «Իրականում ամեն տարի կապալառուները միշտ բողոքել են, ասել են՝ մի քիչ շուտ սկսենք, ես էլ ասում եմ՝ հա, անպայման մյուս տարի ավելի շուտ կսկսենք։ Այդ խոստումս, ոնց որ այս տարի կիսով չափ գոնե պահում եմ իրենց նկատմամբ։
Ես կարծում եմ, որ մենք էլ ավելի շուտ առնվազն մրցութային գործընթացները պետք է սկսենք: Եթե չեմ սխալվում նախկինում ասենք դեկտեմբերի 15-20-ին էին վառվում գլխավոր տոնածառի լույսերը և դա է ծրագրի մեկնարկը։ Եթե դուք նայեք եվրոպական քաղաքների փորձը, այնտեղ բավականին շուտ է սկսվում գործընթացը»,-ասաց նա:
Փոխքաղաքապետի խոսքով գործընթացը շուտ կսելը մի այլ պատճառ էլ ունի. «Առաջ մինչև հունվարի 10-ը նաև արձակուրդային էր մեզ մոտ, և ըստ էության նոր տարին տևում էր մինչև հունվարի 10-ը։ Հիմա հաշվի առնելով, որ հիմա հունվարի 1-2-ին այդ ամանորյա տրամադրությունը որպես այդպիսին ավարտվում է, կարծում ենք, որ ավելի նպատակահարմար է, որ այդ ժամանակը դեպի այս կողմ շարժենք, որ ավելի երկար լինի: Աս տարի մենք նախընշել էինք դեկտեմբերի 1-ը, բայց ինչքան էլ շուտ ենք սկսել, քանի որ մի քիչ կասկածելի է, որ մինչև դեկտեմբերի 1-ը կհասցնենք բոլոր աշխատանքների իրականացումը, դեկտեմբերի 8-ին է լինելու լույսերի վարման արարողությունը՝ կիրակի օրը»: