Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:


Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW» մակնիշի ավտոմեքենան, ինչից «BMW»-ում հրդեհ է բռնկվել:

Հրշեջները մարել են կրակը, սակայն «BMW»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ հայտնաբերվել է գնացքի գծերի վրա:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «BMW»-ի մահացած վարորդի և ջերամքարշ գնացքավարի վարորդի ինքնությունը: