Սպիտակ տունը հաստատել է, որ թույլատրել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ATACMS հեռահար հրթիռների օգտագործումը Կուրսկի մարզում և հարակից շրջաններում ինքնապաշտպանության համար, ասել է ազգային անվտանգության հաղորդակցության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։
«Շտապ անհրաժեշտության դեպքում նրանք կարող են օգտագործել ATACMS-ը ինքնապաշտպանության համար, իսկ այս պահին, ինչը միանգամայն պարզ է, դա տեղի է ունենում Կուրսկի տարածքում։ Մենք փոխեցինք ուղեցույցները և նրանց թույլտվություն տվեցինք օգտագործել դրանք որոշակի տեսակի թիրախներ խոցելու համար», - մեջբերում է Business Insider-ի թղթակից Ջեյք Էփշտեյնը Քիրբին:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան կարող է օգտագործել Փարիզի կողմից տրամադրված հեռահար SCALP հրթիռները Ռուսաստանում թիրախների դեմ «ինքնապաշտպանության տրամաբանությամբ»:
Նախարարն ընդգծել էր, որ արևմտյան դաշնակիցները չպետք է «կարմիր գծեր» ունենան Ուկրաինային աջակցելու հարցում, որը հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից։ Հարցին, թե դա նշանակում է, որ Ֆրանսիան կարող է զորքե՞ր մտցնել պատերազմի գոտի, ինչպես ավելի վաղ ասել էր նախագահ Էմանուել Մակրոնը, Բարրոն պատասխանել է, որ Փարիզը «չի բացառում ոչ մի տարբերակ»:
Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի վրա հարձակվելու համար ամերիկյան հեռահար ATACMS հրթիռների օգտագործման սահմանափակումները։ Այս որոշումը պատասխանն էր հյուսիսկորեացի զինվորականների՝ մարտական գոտում հայտնվելուն։ Այնուհետև Մեծ Բրիտանիան կանաչ լույս տվեց Ռուսաստանում Storm Shadow-ն օգտագործելու համար: