Նոր կարճաժամկետ հետազոտության համաձայն՝ ընկերքի գենային թերապիայի մոտեցումը կապիկների մոտ անվնաս է, ինչը մոտեցնում է ծնվելիս մարդկային նորածինների քաշի բարելավման պոտենցիալ բուժումը եւ ազատում է բարդություններից՝ կապված վաղ ծննդաբերությունների հետ, ինչպես նաեւ հետագա կյանքի զարգացման դժվարություններից։
Մարդկանց մոտ ընկերքային անբավարարությունը սահմանափակում է զարգացող պտղի աճը եւ սովորաբար հանգեցնում է վաղաժամ ծննդաբերությունների եւ այն բանին, որ նորածինները երկար ժամանակ գտնվեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
«Ընկերքը չնայած ժամանակավոր երեւույթ է եւ սովորաբար դուրս է մղվում հղիությունից հետո, օրգան է, որը շատ կարեւոր է երեխաների առողջության ապահովման համար,- բացատրել է հետազոտող Ջենա Շմիդտը, որն ուսումնասիրում է ընկերքի ֆունկցիան, անպտղությունը եւ վերարտադրողությունը Վիսքոնսին-Մեդիսոն համալսարանում։- Ընկերքային անբավարարությունը նպաստում է այն բանին, որ սննդարար նյութերը եւ թթվածինը բավարար չափով չհասնեն պտղին եւ այն նվազ քաշ կունենա ծնվելիս, բայց ներկայում ընկերքը բուժելու միջոց չկա»։
Շմիդտի խոսքով՝ վատ էկոլոգիան մոր արգանդում նույնպես կարող է հանգեցնել խնդիրների մեծ տարիքում, ինչպիսին են սիրտ-անոթային հիվանդությունները եւ նեյրոկոգնիտիվ զարգացման խախտումները։
Ընկերքային անբավարարության առաջացման ռիսկի գործոններ կարող են լինել արյան բարձր ճնշումը, պրեէկլամպսիան, շաքարային դիաբետը եւ ծխելը, բայց շատ դեպքերում ընկերքային անբավարարությունը որոշակի պատճառներ չի ունենում։
Շմիդտը համագործակցում է Ֆլորիդայի համալսարանի ընկերքի հետազոտման գծով փորձագետ Հելեն Ջոնսի հետ՝ բարելավելու համար հղիությունների ելքի բարելավման միջոցները, որոնք կապված են ընկերքային անբավարարության բարդությունների հետ։
Ջոնսը եւ նրա լաբորատորիան արհեստական բանականության օգնությամբ մշակել են նանոմասնիկ, որը պարունակում է ԴՆԹ ոչ մեծ շղթա, որը կոդավորում է մարդկային սպիտակուցը՝ IGF-1 անվանմամբ։ Դրա ազդանշանների փոխանցումը կարեւոր է ընկերքի նորմալ զարգացման համար։
Հղիության ժամանակ, որը բարդ է պտղի աճի ուշացման պատճառով, այդ սպիտակուցի մակարդակն իջնում է, ինչը հանգեցնում է փոքր քաշի ծնվելիս եւ հիվանդությունների բարձր ռիսկի մեծ տարիքում։
Գիտնականները նանոմասնիկները մտցրել են հղի կապիկների ընկերք պրիմատների Վիսքոնսինի ազգային հետազոտական կենտրոնում եւ հայտնաբերել, որ ԴՆԹ թելերը հաջողությամբ յուրացվել են եւ հարմարվել կենդանիների ընկերքում 24 ժամվա ընթացքում, առանց կենդանիներին կամ զարգացող պտղին վնասելու եւ առանց կողմնակի ազդեցությունների նշանների։
Վերջերս նրանք իրենց արդյունքները հրապարակել են Molecular Human Reproduction ամսագրում։
«Ընկերքային անբավարարության մեր հետազոտությունները մկների եւ ծովախոզուկների վրա շատ հուսադրող են,- ասել է Ջոնսը։- Եվ հիմա, երբ այս պիլոտային հետազոտությունը բացասական ազդեցություն չի ցուցաբերել պրիմատների նորմալ հղիության ժամանակ, մենք ուրախ ենք շարունակել այս թերապիայի հետագա ուսումնասիրությունը»։