«Եվրամիության Խորհրդի որոշումը պետք է դիտարկել որպես միանշանակ հակավրացական քայլ, որը խափանում է վստահությունը եվրոպական կառույցների հանդեպ վրաց հասարակության ընկալումներում»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մամուլի ասուլիսում, որը կայացել է կառավարության աշխատակազմում, տեղեկացրել է Առաջին վրացական ալիքը։


Վարչապետի խոսքով՝ նման որոշումների հետեւանքը եվրոպական կառույցների մշտական արժեզրկումն է վրաց հասարակության ընկալումներում։

«Ես կցանկանայի արձագանքել Եվրամիության արտաքին գործերի Խորհրդի երեկվա որոշմանը։ Միակ հանձնարարականը, որը տվել է Խորհուրդը, վերաբերում է վիզային ռեժիմ մտցնելու ընթացակարգ սկսելուն դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Չնայած այդ հանձնարարականը իր էությամբ խորհրդանշական բնույթ է կրում, այն պետք է դիտարկել որպես միանշանակ հակավրացական քայլ, որը խափանում է վստահությունը եվրոպական կառույցների հանդեպ վրաց հասարակության ընկալումներում։

 

Հենց նման որոշումներն են հանգեցնում այն բանին, որ եվրոպական կառույցները վրաց հասարակության ընկալումներում ենթարկվում են արժեզրկման, ինչը լուրջ խնդիր է։

Դուք գիտեք, որ վերջերս անցկացվել է «Եվրաբարոմետր» հարցումը, որի համաձայն՝ վերջին վեց ամիսներին վստահությունը եվրոպական կառույցների հանդեպ Վրաստանում նվազել է 6 տոկոսով։ Հենց նման որոշումներն են նվազեցնում վրաց հասարակության վստահությունը եվրոպական կառույցների հանդեպ»,- ասել է վարչապետը։