Գազայի հատվածում մոտ 1 մլն պաղեստինցի ձմեռը դիմավորել է գլխավերեւում տանիք չունենալով։ Այս մասին նշվել է Փախստականների գործերով Նորվեգական խորհուրդ միջազգային հումանիտար կազմակերպության (NRC) հայտարարությունում, տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։


NRC-ի տվյալներով՝ նոյեմբերի վերջին միայն 285 հազար տեղահանված պաղեստինցի է Գազայում ստացել անհրաժեշտ նյութեր բնակարան կառուցելու համար, ավելի քան 945 հազար մարդ նախկինի պես օգնության կարիք ունի։ «Մենք ստացել ենք օգնության ընդամենը մի մասը, որն անհրաժեշտ է բնակարանային ճգնաժամը լուծելու համար»,- Al Jazeera-ն մեջբերել է Պաղեստինում օթեւանների տրամադրման խորհրդի նախագահ Յերուն Քուանջերի խոսքերը։ «Բռնի տեղահանված հարյուր հազարավոր ընտանիքներ ձմռան ցրտին եւ անձրեւներին դիմակայում են առանց իրական պաշտպանության։ Իսրայելի իշխանությունների բազմակի մերժումները բնակարանների կառուցման հիմնական նյութերի տրամադրման հարցում թույլ չեն տալիս մեզ ընդլայնել մեր պատասխան միջոցների ծավալները վթարային ապաստարաններ կառուցելու համար, որոնք կարող էին դիմանալ Գազայի ձմռան պայմաններին»,- ասել է հումանիտար կազմակերպության ներկայացուցիչը։

Մի շարք միջազգային կազմակերպություններ շարունակում են տեղեկացնել իսրայելական սահմանափակումների մասին Գազա օգնություն հասցնելու համար։ Իսրայելի իշխանությունները հերքում են դա եւ պնդում, որ չեն սահմանափակում հումանիտար բեռների առաքումը պաղեստինյան անկլավ։