ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հասնել կայուն եւ արդար խաղաղության Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նորընտիր նախագահի Ուկրաինայի գծով հատուկ բանագնաց Քիտ Քելոգը Fox Business հեռուստաալիքի եթերում։

«Նա [Թրամփը] ցանկանում է խաղաղություն [Ուկրաինայում], որը պետք է լինի արդար, կայուն եւ ապահով»,- ասել է նա։ Քելոգի խոսքով՝ «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ցանկությունը Թրամփի միջազգային օրակարգի թիվ մեկ առաջնահերթությունն է»։


Ընտրարշավի ընթացքում Թրամփը բազմիցս հայտարարել է, որ դեռեւս իր երդմնակալությունից առաջ հասնելու է ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ​​լուծման։ Նոյեմբերի 27-ին նա Քելոգի թեկնածությունն առաջադրել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով իր օգնականի եւ ԱՄՆ հատուկ բանագնացի պաշտոնում։ Քելոգը հանդես է գալիս Ուկրաինայի հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու օգտին: Նա առաջարկել է Մոսկվային եւ Կիեւին համոզել վերսկսել երկխոսությունը՝ ամրագրելով ճակատի ներկայիս գիծը։