Իրանի փոխնախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆն առաջարկել է Մերձավոր Արեւելքում միջազգային կազմակերպություն ստեղծել՝ Մուսուլմանական արեւմտաասիական երկխոսության ասոցիացիա անվանմամբ (MWADA)՝ տարածաշրջանում կայունություն ստեղծելու եւ համագործակցությունը տարածաշրջանային խաղացողների միջեւ ամրապնդելու համար։


«Իմ փորձն ինձ սովորեցրել է, որ Մերձավոր Արեւելքում, հատկապես Պարսից ծոցում կայունության հասնելը պահանջում է ավելին, քան ճգնաժամային կառավարումն է: Որպես [տարածաշրջանի] վերափոխման մեխանիզմ՝ ես առաջարկում եմ ստեղծել մուսուլմանական արեւմտաասիական երկխոսության ասոցիացիա»,- գրել է Զարիֆը բրիտանական The Economist ամսագրի համար գրած հեղինակային հոդվածում: Իրանցի քաղաքական գործչի կարծիքով՝ նոր նախաձեռնությունը պետք է միավորի Մերձավոր Արեւելքի բոլոր մահմեդական երկրները՝ Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թուրքիան, ԱՄԷ-ն եւ Եմենը, հարթակ՝ հիմնված ընդհանուր կրոնի, հավաքական անվտանգության եւ չմիջամտելու սկզբունքի վրա։

MWADA գլխավոր առաջնահերթությունները, ինչպես նշել է Իրանի փոխնախագահը, պետք է լինեն Գազայի հատվածում, Լիբանանում, Սիրիայում, Եմենում առկա բոլոր ճգնաժամերի լուծումը եւ ոչ տարածաշրջանային խաղացողների արտաքին միջամտությանը հակազդելը: «MWADA-ն պարարտ հող կապահովի ենթակառուցվածքային նախագծերի համար՝ տրանսպորտից մինչեւ էներգետիկ խողովակաշարեր եւ հեռահաղորդակցային ցանցեր:


Կառույցում նաեւ առաջնահերթություն է տրվելու մշակութային փոխանակումներին, համագործակցությանը ջրի կառավարման, ահաբեկչության դեմ պայքարի եւ մեդիա-արշավների համար՝ նպաստելու [ներդաշնակ] համակեցությանը»,- ընդգծել է Զարիֆը։