Փարիզ-2024-ի արծաթե մեդալից հետո մի մասնիկ պակաս է. պետք է այն լրացնենք: Դա ամենաբարձր նշաձողն է, որին անպայման պետք է հասնենք: Արթուր Դավթյանի հետ կաշխատենք, որ լինի: Մրցաշարջան-2024-ը ճանապարհում ենք լավ արդյունքներով, 2025-ը դիմավորում ենք Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ոսկե մեդալներ նվաճելու մեծ նպատակներով:
Այս մասին ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Մրցաշրջան-2024-ում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը մեծ նվաճումներ ունեցավ: Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ: Եվրոպայի առաջնությունում եւս Դավթյանը երկրորդն էր: Փայլեց նաեւ երիտասարդ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ դառնալով երիտասարդների Եվրոպայի չեմպիոն:
Դեկտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթում Հակոբ Սերոբյանը ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ:
Պարոն Սերոբյան, շնորհավորում եմ տարվա լավագույն մարզիչ ճանաչվելու կապակցությամբ: Սպասո՞ւմ էիք:
Շնորհակալ եմ: Անկեղծ՝ ինձ համար շատ անսպասելի էր: Բոլորին շնորհակալ եմ, որ գնահատում են աշխատանքը, հասկանում են: Ըստ արդյունքների՝ ավելի բարձր մարզիչներ ունեինք: Հպարտ եմ, որ Արթուր Դավթյանն ընդգրկվել է լավագույնների մեջ: Ափսոսում եմ, որ ուժեղ մարզիկներ դուրս մնացին, օրինակ՝ Մալխաս Ամոյանը: Նա պետք է լիներ կազմում:
Ինչպիսի՞ն ստացվեց 2024 թվականը Ձեր գլխավորած հավաքականի համար:
Մրցաշրջան-2024-ը շատ լավ եմ գնահատում: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ ունեցանք, մեկ աստիճան բարձրացրինք մեր արդյունքները: Գերազանց ստացվեցին աշխարհի գավաթի փուլերը. 4 փուլերի արդյունքում ունեցանք երկու հաղթող՝ Արթուր Դավթյան եւ Վահագն Դավթյան: Ճիշտ է՝ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն չունեցանք, բայց ունեցանք երիտասարդների Եվրոպայի չեմպիոն: Սա էլ շատ բարձր արդյունքներ են մեզ համար: Այնպես որ, ես շատ գոհ եմ:
Օլիմպիական խաղերում բոլորը Արթուր Դավթյանից ոսկե մեդալ էին սպասում: Ափսոսանք կա՞:
Եթե Փարիզում Արթուրը նվաճեր ոսկե մեդալ, շատ լավ կլիներ, բայց արծաթե մեդալը մեզ համար առաջընթաց է, անկախ Հայաստանի պատմության ամենաբարձր արդյունքն ենք ունեցել այս տարի, ինչի համար ես շատ հպարտ եմ եւ ուրախ: Օլիմպիական ոսկու հնարավորություն ունեինք, սպասում էինք: Սա սպորտային նվաճումների գագաթնակետն է, բայց սպորտ է եւ պետք է շարժվել առաջ: Օլիմպիական փոխչեմպիոնի կոչումն էլ շատ բարձր նվաճում է: Փարիզում երբ տեսանք, թե Արթուրը եզրափակիչին որ տեղով է մոտենում, այդ պահին ցանկացած մեդալ ինձ համար ցանկալի էր, շատ մեծ արդյունք կլիներ: Ուրախ եմ, որ արծաթե մեդալ նվաճեց: Նորից լինեմ անկեղծ՝ ոսկե մեդալի հնարավորություն ունեինք: Աշխարհի գավաթի վերջին խաղարկությունում Արթուրը ֆիլիպինցուն հաղթել էր, միշտ էլ հաղթել է: Ուղղակի՝ այսպես ստացվեց:
Այս մրցաշրջանում Արթուրն իմ սպասելիքներն այնքանով արդարացրեց, որ միայն նա կարող էր դիմանալ այդ մրցակցությանը: Օլիմպիական խաղեր էին, փոքր սխալի դեպքում մեդալից կզրկվեր: Այստեղ ոչ միայն ուժեղագույնների պայքար էր, նաեւ նյարդերի: Այնպես որ, նա շատ լավ աշխատեց, Արթուրը մարտիկ է, ցույց տվեց, որ կարող է: Վերջին շրջանում շատ շշուկներ եմ լսում Փարիզ-2024-ում ռուսների բացակայության մասին, որ նաեւ այդ փաստը մեզ օգնեց փոխչեմպիոն դառնալ... Տարվա վերջին մրցաշարը Մոսկվայում էր, Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մենք հատուկ մեկնեցինք, մասնակցեցինք, ռուսների հետ պայքարեցինք եւ Արթուրը հաղթեց, ոսկե մեդալներով վերադարձավ: Ռուսաստանի թիմը մասնակցում էր ամբողջական կազմով, ուժեղագույններով: Արթուրը ոսկե մեդալակիր դարձավ հենացատկում, բազմամարտում: Մենք ապացուցեցինք, որ նա, իրոք, ուժեղ է, անկախ ամեն ինչից:
Օլիմպիական արծաթե մեդալը Ձեզ նոր մոտիվացիա տվե՞ց Լոս Անջելես-2028-ի ոսկու համար:
Իսկապես, այո եւ դա բնական է: Երկար տարիներ որպես մարզիչ իմ առջեւ նպատակ եմ դրել առաջ շարժվել մեր ուժերին համապատասխան: Եթե նախկինում նպատակը Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եզրափակիչ դուրս գալն էր, հետո մեդալակիր ունենալը, հետո Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ ունենալը, այժմ նշաձողը օլիմպիական ոսկին է: Փարիզ-2024-ում մեր նշաձողը օլիմպիական չեմպիոնի տիտղոսն էր, հասել էինք դրան եւ կարող էինք: Արծաթե մեդալից հետո մի մասնիկ պակաս է եւ պետք է այն լրացնենք: Դա ամենաբարձր նշաձողն է, որին անպայման պետք է ձգտենք եւ հասնենք: Արթուր Դավթյանի հետ կաշխատենք, որ դա էլ լինի: Այդ նշաձողը կդնենք նաեւ մյուս մարզիկների վրա:
Ձեր խոսքում ակնկարկեցիք, որ մարզական ամենաբարձր նվաճումների ակնկալիքներ ունեք նաեւ մյուս մարմնամարզիկներից: Ո՞ւմ մասին է խոսքը:
Ժամանակը կգա, բոլորը կլսեն երիտասարդների մասին: Մեծ հույսեր կան Համլետ Մանուկյանի հետ: Նա արդեն 18 տարեկան է եւ կարող է մասնակցել մեծահասակների պայքարին: 2025-ին չունենք երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ: Որոշել ենք, որ նա կմասնակցի մեծահասակների մրցաշարերին: Մեկնարկը կտանք աշխարհի գավաթների խաղարկություններից: Օրերս մասնակցեցինք օնլայն մրցաշարի: Մանուկյանը մեծահասակների պայքարում նժույգ թափեր վարժությունում հաղթեց աշխարհի փոխչեմպիոնին: Այսօր նա տիրապետում է մեծահասակների վարժություններից մեկին: Պատկերացրեք՝ օլիմպիական չեմպիոնի բարդությունը կարող է անել:
Մրցաշրջան-2024-ը բեկումնային էր նաեւ Վահագն Դավթյանի համար. նվաճեց իր առաջին օլիմպիական ուղեգիրը, Փարիզ-2024-ում գրավեց 6-րդ տեղը: Նրա աշխատանքին ի՞նչ գնահատակ կտաք:
Վահագն Դավթյանը հետաքրքիր մարմնամարզիկ է, շատ աշխատասեր է, ինչի շնորհիվ հասնում է այս արդյունքներին: Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալը եւ 6-րդ տեղը նրա արդյունքների գագաթնակետն էր: Ամեն ինչ արեց: Բոլորը գիտեն, որ աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, դրան զուգահեռ մարզվում է, ընդմիջումների ժամերին գալիս է մարզադահլիճ, աշխատանքից հետո նորից է գալիս: Շատ դժվար է, բայց հաղթահարեց այդ ամենն իր աշխատասիրությամբ: Ավելին չէր կարող անել: Վահագն Դավթյանը երբեւէ իր ցույց տված լավագույն արդյունքը գրանցեց Փարիզում: Աշխարհի գավաթի փուլերի արդյունքում ուղեգիր նվաճելը եւ առաջին անգամ մասնակցելով Օլիմպիական խաղերին, եզրափակիչ դուրս գալն արդեն շատ մեծ նվաճում էր: Նա բարձրակարգ մարզիկ է:
Հարություն Մերդինյանը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին: Ինչպե՞ս ընդունեցիք այդ որոշումը:
Ափսոսանք կունենայի, եթե Հարությունը հեռանար մեր «ընտանիքից»: Նա թիմի հետ է եւ շարունակում է աշխատել տղաների հետ, Վահագն Դավթյանի հետ է առանձին աշխատում: Մերդինյանը անկախ Հայաստանի առաջին մեդալակիրն է սպորտային մարմնամարզությունում: Նրա վաստակը մարզաձեւում շատ մեծ է: Ամեն օր մեզ հետ է: Ես շատ վատ կզգայի եւ ինձ կդատապարտեի, եթե Հարությունը շարունակեր ու հանկարծ որեւէ լուրջ վնասվածք ստանար: Նա հասել է, արել է ամեն ինչ, բայց վնասվածքներն արդեն շատ էին, ես վախեցա: Մշտապես մեզ հետ է լինելու, մրցաշարերին գալու է, ուղղակի արդեն այլ համազգեստով եւ մարզիչի կարգավիճակում: Մեր թիմը մեծ ընտանիք է, եւ ես ամեն ինչ կանեմ, որ տղաները չբաժանվեն իրարից:
Ի դեպ, օրերս վերադարձել եմ Լոզանից, որտեղ մասնակցել եմ մրցավարական բարձր կարգի քննության: Մասնակցել ենք ես եւ Արսեն Գյուրջինյանը: Երկուսս էլ գերազանց ենք հանձնել: Այս կարգն ինձ թույլ կտա դատել հաջորդ Օլիմպիական խաղերը: Նաեւ ուզում եմ նշել, որ քննություններին մասնակցել եմ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ, ինչի համար շնորհակալ եմ:
Ձեր գլխավորությամբ մեր թիմն այնպիսի նշաձող է սահմանել, որ չեմպիոնական նվաճումներից բացի, հանրությունն այլ արդյունքներ չի ցանկանում տեսնել: Պատասխանատվությունը ճնշող չի՞:
Շատ պատասխանատու է, իսկապես: Մեզ վրա ոչ մեկ նշաձող չի դնում, չի բարձրացնում եւ ասում՝ «այս մեդալը պետք է նվաճեք»: Մենք ենք մեր առջեւ դնում խնդիրներ եւ մեզանից գոհ կամ դժգոհ լինում: Գուցե շատերն ասեն՝ ինչ լավ է, միջազգային ասպարեզում գովում են, բարձր են գնահատում մեր արդյունքները, բայց մենք պահանաջատեր ենք մեզանից: Տեսնում եմ, որ կարող ենք եւ գիտակցում եմ, որ թուլանալու իրավունք չունենք այլեւս: Դժվար է, բայց պետք է գնանք առաջ: Մեզ համար մրցակից են բոլորը, ոչ միայն ռուսները: Ունենք այդ հնարավորությունը: Փորձում եմ ամեն ինչ անել, որ ինքներս մեզանից գոհ լինենք: Այսօր հայկական մարմնամարզությունը բարձր մակարդակի վրա է: Պետք է ձգտենք պահել եւ ավելացնել այդ կարգը եւ գնալ միայն արդեն ոսկե մեդալների հետեւից:
Ի՞նչ նպատակներով եք դիմավորում մրցաշրջան-2025-ը:
Մրցաշարջան-2024-ը ճանապարհում ենք լավ արդյունքներով, 2025-ը դիմավորում՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ոսկե մեդալներ նվաճելու մեծ նպատակներով: Նոր տարում սպասելիքները ոչ միայն Արթուր Դավթյանից են, նաեւ Գագիկ Խաչիկյանից, Համլետ Մանուկյանից, Մամիկոն Խաչատրյանից եւ մյուս տղաներից: Արդեն հավաքում եմ թիմ, որպեսզի 2027 թ. Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցենք թիմով: Մեծ ու ծավալուն աշխատանք է սպասվում մեզ հաջորդ տարի։