Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:
Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են.
հղիները.
6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները.
65 տարեկանից բարձր անձինք.
շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք.
բուժաշխատողները.
փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել։