Երբ խոսակցություն է լինում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին, հիմնականում մարդիկ խոսում են, թե այն ինչ է տալու մեզ, սակայն կա նաև մյուս կողմը, և պետք է հարցադրում անել, թե ԱՄՆ-ի ինչին է պետք այս փաստաթուղթը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:


«Եթե հարցադրումը այսպես ենք դնում, արդեն բավականին բան պարզ է դառնում։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ են գտնվում Ռուսաստանի հետ և գնում է ազդեցության ոլորտների համար պայքար։ Ուկրաինայում թեժ պատերազմ է գնում, Վրաստանում մենք տեսնենք, թե ինչեր են կատարվում, երբ որ Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար Իվանիշվիլին ասում էր, որ իրենց առաջարկել են Ռուսաստանի հետ պատերազմ սկսել, Սիրիայում տեսնում ենք՝ ինչ պայքար է գնում ազդեցության գոտիների համար: Այս տրամաբանության մեջ, եթե մենք նայում ենք այդ փաստաթղթին, ապա սա պայքար է Ռուսաստանի դեմ, Իրանի դեմ ազդեցության ոլորտների համար։

Այսինքն, ամենակարևոր հետևությունը այն է, որ մենք մտել ենք ռուս-ամերիկյան, ամերիկա-իրանական պայքարի մեջ որպես թատերաբեմ: Այսինքն այն, ինչից հրաժարվեց Վրաստանը, մենք հիմա դառնում ենք պատերազմի օջախ։ Ընդամենը սա է կատարվում, սա է Միացյալ Նահանգներին պետք»,-ասաց նա:


Երկրորդ կարևոր կետը, ըստ քաղաքագետի, հաղորդակցության ուղիների համար պայքարն է. «Ակնհայտորեն խոսքը արևելք-արևմուտք ճանապարհի մասին է, այսինքն Սյունիքով ճանապարհի մասին, որով թուրքական աշխարհ են կառուցում և այդ թուրքական աշխարհը ուղղված է Իրանի և Ռուսաստանի դեմ։

Հետևությունը հետևյալն է, մենք ստանալու ենք պատասխան, և Հայաստանը դառնալու է պատերազմի օջախ, մի կողմ դրած, թե ինչպիսի տնտեսական հարվածներ մենք կստանանք էներգակիրների առումով, տնտեսության առումով: Տնտեսությունը կանգնելու է, եթե ռուսական և իրանական կողմից արդեն խոշոր քայլեր լինեն»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը:


Անդրադառնալով նրան, որ կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որին հետեւեցին ռուսական կողմի կոշտ արձագանքները, արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանին պարզապես դուրս թողնեն ԵԱՏՄ-ից, նա ասաց. «Սա նույն սցենարն է, ինչը տեղի ունեցավ 2014-ին Ուկրաինայում։ Ուկրաինայի մայդանը սկսվեց ԵՄ-ին ասոցիացիայի համար: Ի՞նչ է դա մեզ տալու, դա մեզ տալու է, որ կամ գազի մատակարարումը կկանգնեցվի, կամ գազը երեք-չորս անգամ կթանկանա, կդառնա միջազգային գին։

Դա նշանակում է Հայաստանի տնտեսության կանգնում, դա նշանակում է Հայաստանի տնտեսության այն հիմնական եկամուտները 12 միլիարդից ավելի, որը ԵԱՏՄ երկրների հետ տնտեսական կապի հետ շնորհիվ է: Բնականաբար Հայաստանի տնտեսությունը և էներգակիրքների առումով է կանգնելու, և մենք շուկա ենք կորցնելու: Սա բերելու է բավականին լուրջ հանրային ընդվզում և կարճ ժամանակում Հայաստանում իշխանությունը կփոխվի»: