Միսսիսիպի գետի ամենամեծ դելտան շրջափակված է. նստվածքի էրոզիայի բազմակողմանի գրոհումները, ծովի մակարդակի բարձրացումը և ջրհեղեղները հսկայական ճնշում են գործադրում Միսսիսիպի գետի և Մեքսիկական ծոցի միջև ընկած ջրաճահճային տարածքների վրա: Գիտնականները մտահոգված են, որ նման ճնշումը կարող է լրջորեն վնասել տեղի վայրի կենդանիներին և միլիոնավոր մարդկանց, ովքեր տարածաշրջանն իրենց տունն են համարում՝ հայտնում է IFLScience-ը:
Մասնագետները նշում են, որ Լուիզիանայի ջրաճահճային տարածքների կորուստը պայմանավորված է ինչպես բնական, այնպես էլ մարդածին գործոններով, ներառյալ սուր և քրոնիկ սթրեսը՝ հաղորդում է Focus-ը: Դիտարկումները ցույց են տալիս, որ ջրաճահճային տարածքների հսկայական հատվածներ պարզապես անհետանում են ջրհեղեղների, փոթորիկների և ծովի մակարդակի բարձրացման պատճառով, որոնք բոլորն էլ արագացնում են նստվածքների էրոզիան: Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ Միսսիսիպի գետի հոսանքից դեպի վերև ծավալվող մարդկային գործունեությունը, ինչպիսիք են ամբարտակների կառուցումը, գյուղատնտեսությունը և հանածո վառելիքի ենթակառուցվածքները, զգալիորեն խոչընդոտում են ճահիճներում նստվածքի բնական համալրմանը: Այս ամենն ի վերջո խախտում է սննդանյութերի հավասարակշռությունը։
Այս խնդիրների պատճառով գետերի դելտաներում նկատվում է բուսականության՝ մասնավորապես խոտանման եղեգնուտի զգալի կորուստ, որն օգնում է տարածքին վերականգնվել ջրհեղեղներից հետո: Թուլեյնի համալսարանի ափամերձ երկրաբան Միդ Էլիսոնի խոսքով՝ ամենաշատ տուժած շրջաններից մեկը Բերդս-Ֆուդի դելտան է: Ավելին, գիտնականները կարծում են, որ այս վայրը Ամերիկայի, և հնարավոր է, Երկրի ամենախոցելի վայրերից մեկն է։
Հետազոտողները նշում են, որ այս խնդիրն ամենևին էլ նոր չէ։ Լուիզիանան 1930-ականներից ի վեր կորցրել է ավելի քան 5 179 կմ տարածք, սակայն գիտնականներն այժմ կարծում են, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և մոտենում է բեկումնային կետի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Լուիզիանայում յուրաքանչյուր 100 րոպեն մեկ ֆուտբոլի դաշտի չափ տարածքը դառնում է բաց ջրային տարածք։
Եթե Միսսիսիպի գետի դելտան շարունակի վատանալ, ապա Լուիզիանայի բնակչության գրեթե կեսը՝ ավելի քան 2 միլիոն մարդ, վտանգի տակ կհայտնվի: Հատկապես վտանգի տակ կլինեն ափամերձ հատվածի բնակիչները և նրանք, ովքեր ապավինում են ճահճային տարածքներին հանգստի և ապրուստի համար: Հարկ է նշել, որ տարածաշրջանը նաև տնտեսական հանգույց է, որը պատասխանատու է հսկայական զբոսաշրջության, ձկնորսության, բեռնափոխադրումների և հում նավթի արդյունահանման համար:
Միսսիսիպի գետի դելտայն նաև տուն է բազմաթիվ վայրի կենդանիների համար, ներառյալ 400 տեսակի թռչուններ և անհավանական քանակությամբ ձկներ, կաթնասուններ, երկկենցաղներ և ավելի փոքր օրգանիզմներ, որոնք որոշիչ նշանակություն ունեն ավելի լայն էկոհամակարգի համար:
Ըստ Լուիզիանայի պետական համալսարանի և Թուլեյնի համալսարանի հետազոտողների՝ եթե գետի դելտան շարունակի կրճատվել, նրա կենսաբազմազանության մեծ մասը կարող է անհետանալ: Այժմ գիտնականները սկսում են բազմամյա ուսումնասիրություն՝ բացահայտելու դելտայի առջև ծառացած խնդիրները և նվազեցնելու ճնշումը էկոհամակարգի վրա:
Ծրագրի տնօրեն և երկրաբանության և երկրաֆիզիկայի պրոֆեսոր Սեմ Բենթլիի խոսքով՝ նախագծի առաջնային նպատակն է որոշել, թե ինչ է սպասվում գեոմորֆ ցամաքային զանգվածին: Գիտնականները նաև հույս ունեն մշակելու ծրագիր, որը կօգնի պահպանել փխրուն էկոհամակարգը: