Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրն, ըստ որի՝ տնտեսական աճի տեմպը դանդաղել է՝ 2024-ի նոյեմբերին կազմելով 1.2 տոկոս (տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ տ/տ)՝ պայմանավորված արդյունաբերության կտրուկ կրճատմամբ։
Նշվում է, որ զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքերը շարունակել են նվազել, գնաճը դեկտեմբերին բարձրացել է մինչև 1.5 տոկոս (տ/տ), առևտրաշրջանառությունը նվազել է (տ/տ)՝ ոսկու և ոսկերչական իրերի վերաարտահանման նվազելու պատճառով, իսկ բյուջեի պակասուրդը նոյեմբերին ավելացել է և աճողական կարգով կազմել ՀՆԱ-ի 2․3 տոկոսը, որը հավասար է 2024 թ․ կանխատեսված տարեկան ցուցանիշի կեսին։
«Նոյեմբերին տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն իջավ՝ հոկտեմբերի 4․2 տոկոսից կազմելով 1.2 տոկոս (տ/տ)։ Նոյեմբերի անկումը հիմնականում պայմանավորված էր 19 տոկոսով արդյունաբերության կրճատմամբ (տ/տ), որի վրա ազդել էին մշակող արդյունաբերության 24.4 տոկոսով (տ/տ) և հանքարդյունաբերության (տ/տ) 6.9 տոկոսով նվազումը։ Մշակող արդյունաբերության թողարկումը հիմնականում նվազեց գունավոր մետաղների արտադրության ծավալների 70 տոկոսով կրճատման հետևանքով։ Մշակող արդյունաբերության մյուս հիմնական խմբերը, ինչպիսիք են՝ սննդամթերքը, ծխախոտը և խմիչքները, շարունակեցին աճել։ Բոլոր մյուս ոլորտներն աճել են՝ ծառայությունները (բացառությամբ առևտրի) կրկնապատկվել են՝ հոկտեմբերի 5.2 տոկոսից (տ/տ) նոյեմբերին կազմելով 10.4 տոկոս (տ/տ), շինարարության և առևտրի երկնիշ աճը շարունակվել է։ Աճողական կարգով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին աճի ցուցանիշը հասավ 7.4 տոկոսի (տ/տ)՝ պայմանավորված 18 տոկոսով առևտրի աճով (տ/տ)։
Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին 14.3 տոկոսով նվազեցին (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ)։ Զուտ ներհոսքերը նվազեցին (ա/ա) բոլոր աղբյուրներից, այդ թվում՝ Ռուսաստանից (6.2 տոկոս, ա/ա), Միացյալ Նահանգներից (6.4 տոկոս, ա/ա) և այլ երկրներից (69 տոկոս, ա/ա)։ 2023 թ. նոյեմբերի համեմատ զուտ ներհոսքերը 21.7 տոկոսով պակաս էին (տ/տ) հիմնականում Ռուսաստանից զուտ ներհոսքերի նվազման պատճառով։
Դեկտեմբերին գնաճը բարձրացավ մինչև 1.5 տոկոս (տ/տ), որը 2023 թ․ ապրիլից սկսած ամենաբարձր տեմպն էր (պատկեր 3)։ Ասվածը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ավելի բարձր գնաճով (դեկտեմբերին 2 տոկոս, տ/տ՝ բարձրանալով նոյեմբերի 1.7 տոկոսից), և առողջապահության մասով, որը նոյեմբերի 2․5 տոկոսից (տ/տ) բարձրանալով դեկտեմբերին կազմեց 3.2 տոկոս (տ/տ)։ Դեկտեմբերին շարունակեցին նվազել հագուստի և կոշկեղենի (նվազումը՝ 2.6 տոկոս, տ/տ), կահավորանքի և կենցաղային տեխնիկայի (նվազումը՝ 2.5 տոկոս, տ/տ) և բնակարանային-կոմունալ տնտեսության գները (նվազումը՝ 0.2 տոկոս, տ/տ)։ 2024 թ․ միջին գնաճը 0.3 տոկոս էր՝ 2023 թ․ 2 տոկոսի համեմատ։ 2024 թ․ դեկտեմբերին 10-ին ՀՀ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքը 25 բազիսային կետով իջեցրեց 7 տոկոսի՝ աճողական կարգով 2024 թ․ կրճատումը հասցնելով 225 բազիսային կետի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերադարձել է 2022 թ․ օգոստոսի մակարդակին»,- ասվում է ամփոփագրում։
Ըստ փաստաթղթի հեղինակների՝ 2024-ի նոյեմբերին, նախորդ ամիսների բարձր աճից հետո, առևտրաշրջանառությունը նվազել է (տ/տ)։ Արտահանումը նոյեմբերին նվազել է 35 տոկոսով (տ/տ)՝ հոկտեմբերին 23.6 տոկոսով (տ/տ) աճելուց հետո։ Ներմուծումը ևս նվազել է 21.4 տոկոսով՝ հոկտեմբերին 9.2 տոկոսով (տ/տ) ավելանալուց հետո։ «Նոյեմբերի կտրուկ անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման (նվազումը 64.6 տոկոս, տ/տ) և ներմուծման (նվազումը 70.6 տոկոս, տ/տ) ավելի ցածր ցուցանիշով, որը բացատրվում է վերաարտահանման այս ապրանքախմբի համեմատության բազայի բարձր ազդեցությամբ, որը 2023 թ․ նոյեմբերին սկսել էր շեշտակի աճել։ Տրանսպորտային միջոցների արտահանումը և ներմուծումը նվազեցին, համապատասխանաբար, 54 (տ/տ) և 35 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով Վրաստանի կողմից դեպի Ռուսաստան մեքենաների վերաարտահանման արգելքին։ Արտահանման մյուս ապրանքախմբերում տ/տ աճ արձանագրվեց, բացառությամբ յուղերի և ճարպերի (նվազումը՝ 56 տոկոս, տ/տ) և փայտյա իրերի (նվազումը՝ 13 տոկոս, տ/տ)։ Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը և տրանսպորտային միջոցները (խոշոր իրերի վերաարտահանումը) հաշվի չառելու դեպքում ընդհանուր արտահանումն աճը 32 տոկոս էր (տ/տ)։ Նոյեմբերը ներառյալ՝ աճողական կարգով արտահանումն ու ներմուծումն աճել են, համապատասխանաբար, 73.9 տոկոսով (տ/տ) և 41.5 տոկոսով (տ/տ), ընդ որում, առևտրի պակասուրդը նվազել է 13.9 տոկոսով (տ/տ)։
Դեկտեմբերին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և ռուբլու նկատմամբ փոքր-ինչ արժեզրկվեց։ ՀՀ դրամի արժեզրկումը սկսեց դեկտեմբերի սկզբին, սակայն ամսվա ընթացքում ավելի ուշ կայունացավ։ Դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացել էր 0.5 տոկոսով (ա/ա), իսկ ռուբլու նկատմամբ՝ 1.4 տոկոսով (ա/ա)։ Դեկտեմբերի վերջին միջազգային պահուստները 3.7 միլիարդ ԱՄՆ դոլար էին (2.5 ամսվա ներմուծման ծածկույթ)։
Առևտրային բանկերի ավանդները նոյեմբերին ավելացան 2.3 տոկոսով (ա/ա), իսկ վարկերը՝ 2.6 տոկոսով (ա/ա)՝ ՀՀ դրամով արտահայտված միջոցների հաշվին։ Փոխարժեքով ճշտված ավանդները նոյեմբերին աճեցին 10.4 տոկոսով (տ/տ), իսկ վարկերը՝ 22.1 տոկոսով (տ/տ)։ Նոյեմբերին ֆինանսական առողջ ցուցանիշները պահպանվեցին։ Կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) նվազեց 0.1 տոկոսային կետով՝ կազմելով 20.4 տոկոս։ Չաշխատող վարկերի (NPL) հարաբերակցությունը ցածր մնաց՝ 1.2 տոկոս, իսկ եկամտաբերությունն ըստ ակտիվների փոքր-ինչ նվազեց՝ կազմելով 4․3 տոկոս, հոկտեմբերի 4․5 տոկոսի համեմատ»,- հայտնում է Համաշխարհային բանկը։
Նշվում է նաև, որ բյուջեի պակասուրդը 2024-ի նոյեմբերին նվազել է մինչև 20.7 միլիարդ ՀՀ դրամ (հոկտեմբերի 138.5 միլիարդ ՀՀ դրամի համեմատ)։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճել են 11.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ԱԱՀ (15.7 տոկոս, տ/տ) և եկամտային հարկի (15 տոկոս, տ/տ) աճով։ Սակայն շահութահարկերը նվազել են 32 տոկոսով (տ/տ)։ Ընդհանուր ծախսերը նոյեմբերին նվազել են 0.8 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պաշտպանական ծախսերի նվազման հաշվին (նվազումը՝ 45.2 տոկոս, տ/տ)։ Սա մասամբ փոխհատուցվել է սոցիալական պաշտպանության ծախսերի 35 տոկոսով (տ/տ) բարձրացմամբ՝ փախստականներին աջակցությունը շարունակվել է։ Կապիտալ ծախսերը նոյեմբերին նվազել են 44.5 տոկոսով (տ/տ)՝ աճողական կարգով հասնելով ՀՆԱ-ի 3.8 տոկոսին՝ 2024-ի կանխատեսման 55 տոկոսին։ Աճողական կարգով բյուջեի պակասուրդը հասել է 232.2 միլիարդ ՀՀ դրամի, որը համարժեք է տարեկան ՀՆԱ-ի 2.3 տոկոսին՝ համեմատած 2024 թ․ բյուջեի 4.7 տոկոսի չափով կանխատեսվող պակասուրդի հետ։