Ինձ համար ընդունելի է սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:


«Վերջին հաշվով 2024 թվականի ամենաէական, այսպես շոշափելի ձեռքբերումը ո՞րը կարող եք համարել, մենք համարյա չենք կրակել, չէ մեկս մյուսի վրա, բայց ամեն մի խաղաղ օրը մենք ճիշտ ենք, լա՞վ ենք օգտագործել նույն բանակի հիմքերը ավելի ամրացնելու տեսանկյունից, մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից: Չէ:

Այսօրվա խորհուրդը միավորող խորհուրդ պետք է լինի, որի հիմքերը դրվել է 90-ականներին: Մենք բանակի հաղթանակների համար պարտական ենք մեր ժողովրդին, բոլորին, որ մեր ժողովուրդը, զրկանքները կրելով, տվեց հնարավորություն, որպեսզի այդ բանակը կերտի հաղթանակներ:

Ինչից ինչ ունեցանք և հետո ինչից ինչ դարձանք և հետո բնականաբար ճոճանակը շարժվել է տարբեր ուղղություններով, այսօր մենք այդ ճոճանակի շարժը պետք է բարձրացնենք դեպի վերև ի նպաստ մեր երկրի անվտանգության»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը բանակաշինության գործում շեշտը դնում է մոբիլ փոքր խմբերի վրա, նա ասաց, որ Հայաստանը եւս դրա վրա է շեշտը դնում. «Այսպես ասենք, ժամանակակից բանակները հատուկ նշանակության, տրամաբանության մեջ գործող բանակներ են՝, անկախ նրա մեծությունից, թվաքանակից: Այսինքն փոքր կառույցներ՝ մեծ խնդիրներ լուծելու համար Դա նշանակում է պետք է ունենալ ժամանակակից սպառազինություն և դա կիրառելու համար լավ գիտելիքներ ունեցող զինվորականություն։ Դա է մեր նպատակը, դա է մեր քաղաքականությունը, որը մենք քայլ առ քայլ փորձում ենք դարձնենք իրականությանը։ Դա շատ բարդ ճանապարհ է, որ մենք հիմա անցնում ենք, որովհետև 44-րդ պատերազմից հետո մենք արձանագրեցինք, թե որտեղ ենք կանգնած եղել պատերազմից առաջ և ուր պետք է հասնենք, որպեսզի հեռու պահենք հնարավոր բոլոր պատերազմները, եթե այդպիսի ցանկություն ունենան մեր հակառակորդները»: