Երևան քաղաքում ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ-հիմնավորման մեջ, որպես ծախս ներառել եք մեկ ավտոբուսի համար ամսվա ամորտիզացիոն և ներգրավված ֆինանսական միջոցների գծով ծախս՝ 259 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, տրանսպորտի սակագների փաթեթների օրակարգով հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։


Նրա խոսքով, այդ գումարից 97 հազարը ներգրավված ֆինանսական միջոցների գծով ծախսն է, որը հաշվարկվում է 12 % դրույքաչափով։

«Ինչպես հասկանանք ձեր և ձեր կառավարության անտարբերությունը երևանցիների շահերի նկատմամբ, երբ խոշոր գործարարը դիմում է աջակցության և ստանում պետության հովանավորությունը, ստանում երաշխիք ցածր տոկոսադրույքով վարկավորման իսկ քաղաքապետարանը քաղաքի սոցիալական խնդիրը բարելավելու համար 12 %-ով է միջոց ընդգրկում»,-ասաց Սարգսյանը և հավելեց. «Քաղաքացուն թալանելն ամեն կերպ և ամեն րոպե ձեր համար դարձել է գործելաոճ»։

Սարգսյանը հարցրեց, թե քաղաքապետարանն ինչու է նման բարձր տոկոսներ ընդգրկել երբ մասնավորը կարողանում է մինչև 5%-ով վարկային միջոցներ ներգրավել միջազգային գործընկերներից։

«Մեկ ավտոբուսի համար մեկ ամսվա ֆինանսականա միջոցների արժեքի գծով ծախսը հաշվարկված է բարձր տոկոսադրույքով, որն էլ բարձրացնում է ինքնարժեքը և ներկայացվել է արհեստական բարձր ինքնարժեք»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, թե չի արձագանքի հորինված թվերին, և վստահություն հայտնեց, որ այդ 12%-ն այլ հաշվարկի տրամաբանություն ունի։

Արշակ Սարգսյանը ցույց տվեց քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումների փաստաթուղթն և ասաց. «Քաղաքային իշխանություններն իրականում մանիպուլացնում են մեկ ավտոբուսի շահագործման համար ներկայացրած ծախսերը՝ մատուցելով բարձր ծախսեր և ցածր ուղևորահոսքեր, այդ պատճառով ինքնարժեքը բարձր է ներկայացնում, որ իրենց բերած կեղծ թանկացումը հիմնավորի»