ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Եգիպտոսը և Հորդանանը կընդունեն պաղեստինցիներին, ովքեր կորցրել են իրենց տները Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով։ Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Թրամփը համապատասխան հարցին պատասխանել է. «Նրանք [Եգիպտոսը և Հորդանանը] կանեն դա։ Մենք շատ բան ենք անում նրանց համար, և նրանք կգնան դրան»,- ընդգծել է նա։
Հունվարի 25-ին Թրամփն իր մամուլի ֆոնդից լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ հնարավոր է համարում Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցումն արաբական երկրներում։ Նրա խոսքով, խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, որոնք պետք է վերաբնակեցվեն անկլավից դուրս։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ այդ հարցն արդեն քննարկել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ եւ պատրաստվում է այն բարձրացնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ հեռախոսազրույցների ժամանակ։ Հաջորդ օրը Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին ընդգծել է, որ թագավորությունը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը։ Եգիպտոսի ԱԳՆ-ն, իր հերթին, անընդունելի է անվանել պաղեստինցի ժողովրդի, այդ թվում՝ հողի իրավունքի խախտումը՝ անկախ նրանից՝ այդ միջոցը ժամանակավոր է, թե մշտական։