ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Օտտավայի հանդեպ մաքսատուրքերի սահմանումը, երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները համեմատել է «միակողմանի երթեւեկությամբ փողոցի» հետ։
«Նրանք իրենց մոտ թույլ չեն տալիս մեր բանկերին, Կանադան շատ կոշտ քաղաքականություն է վարում նավթի եւ էներգետիկայի հարցում, նրանք չեն թողնում մեր գյուղատնտեսական արտադրանքն [իրենց շուկայում]: Ըստ էության, շատ բան թույլ չեն տալիս, բայց մենք թույլ ենք տալիս, որ ամեն ինչ ներկրվի։ Սա միակողմանի երթեւեկությամբ փողոց է։ Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան 200 մլրդ դոլարի չափով, ինչի՞ համար: Մենք դրանից ոչինչ չենք ստանում»,- ասել է նա լրագրողներին Էնդրյուս ավիաբազայում: Մամուլի հետ Թրամփի շփումը կիրակի հեռարձակվել է ամերիկյան առաջատար հեռուստաալիքներով։
Թրամփն ավելացրել է, որ «սիրում է Կանադայի ժողովրդին», չնայած տարաձայնություններին այդ երկրի կառավարության հետ։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել «մաքսատուրքերի խաղը խաղալ այնքան, որքան ցանկանանք», եթե կանադական իշխանությունները դա են ցանկանում։
Թրամփը շաբաթ օրը ստորագրել է հրամանագիր, որը մաքսատուրքեր է սահմանում Կանադայի, Չինաստանի եւ Մեքսիկայի ապրանքների վրա։ Ինչպես նշվել է փաստաթղթում, Մեքսիկայից եւ Կանադայից ներմուծման համար սահմանվում են 25 տոկոս մաքսատուրքեր (10 տոկոս՝ Կանադայի էներգետիկ ռեսուրսների համար)։ Չինաստանից ապրանքների նկատմամբ սահմանվում են լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքեր։ Թրամփի խոսքով՝ դա արվել է «անօրինական միգրանտների եւ մահացու թմրանյութերի, այդ թվում՝ ֆենտանիլի լուրջ սպառնալիքի պատճառով, որոնք սպանում են» ԱՄՆ քաղաքացիներին