«Հիմա մեծ վտանգ կա, որ վաղը կամ մյուս օրը Մեղրիի տարածքից այդ «միջանցք» կոչվածը տալու հարցն է առաջ գալու։ Հանրությանը նախապատրաստում են, որ ասեն՝ Մեղրին մենք չտվեցինք, արդեն տված էր»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։


«Պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ։ Արցախը տալուց առաջ հայտարարում էին, որ Արցախի հարցը վաղուց լուծված էր, տրված էր իրենցից առաջ, բանակցությունները միշտ գնացել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար. հիշու՞մ եք այս բարբաջանքները։ Դրա արդյունքը եղավ այն, որ Արցախը հանձնվեց»,–ասաց ԱԺ պատգամավորը։

Անդրադառնալով սահմազատման և սահմանագծման աշխատանքներին, և հարցին, թե ի՞նչ է դա տալիս Հայաստանին, Արմեն Ռուստամյանն ասաց.

«Ադրվեջանը ոչ մի տեղից չի պատրաստվում նահանջել։ Այն տարածքներն էլ, որ իրենցն են համարում, սահամանզատման ճանապարհով են ստանալու։ Հետաքրքիրն այն է, որ իշխանությունը համարում է, որ սահմանազատման և սահմանագծման միջոցով խաղաղ ճանապարհով կստանանք մեր ուզած սահմանները, բայց իրականում այդ խաղաղ ճանապարհով Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է։ Հիմա էլ անկլավների հարցն է առաջանալու։ Տավուշում դեռ ամեն ինչ ավարտված չէ, մեր ամենալավ կահավորված առաջնագիծը քանդեցին ու մեզ անպաշտպան թողեցին»,–ասաց Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանի խոսքով, կա մի հարց, որի պատասխանը դեռևս չի հնչել. Կիրանցից դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհից որևէ հատված անցնու՞մ է Ադրբեջանական վերահսկողության տակ, թե ոչ։

«Պատասխան չի տալիս, որովհետև եթե ասի՝ այո, անցում է, ժողովուրդը կընդվզի։ Եթե ասի՝ ոչ, Բաքվից կասեն՝ ոնց թե չի անցնում։ Դրա համար էլ ամեն ինչ լղոզում է»,–նշեց Ռուստամյանը։