Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիտ Քելոգը կանգնեցրել է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու խաղաղ ծրագրի մշակումը ՆԱՏՕ գծով դաշնակիցների հետ բանակցություններ վարելու համար, փետրվարի 10-ին հայտնել է The Telegraph թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։


«Դոնալդ Թրամփի վարչակազմը կանգնեցրել է ուկրաինական խաղաղության ծրագիրը՝ Եվրոպային բանակցությունների սեղանի շուրջ տեղ տալու համար»,- գրել է թերթը։

Մինչ խաղաղության ծրագրի ուղղությամբ աշխատանքներն ավարտելը, Քիտ Քելոգը մտադիր է բանակցություններ վարել ՆԱՏՕ երկրների նախագահների ու վարչապետերի հետ, գրել է թերթը։ Քելոգը եվրոպացի դիվանագետներին ասել է, որ ցանկանում է ունենալ եվրոպացի առաջնորդների կարծիքը ցանկացած խաղաղ համաձայնագրի ձեւի եւ այն մասին, թե ինչպես այդ երկրները կարող են նպաստել հակամարտության կարգավորման գործընթացին:

Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը խոստացել է բանակցություններ վարել՝ հանգստացնելու նրանց, ովքեր վախենում են, որ Վաշինգտոնը կբացառի ՆԱՏՕ երկրներին խաղաղ գործընթացից:

The Telegraph-ի տվյալներով՝ Քիտ Քելոգը եվրոպացի դիվանագետներին վստահեցրել է, որ Վաշինգտոնը ցանկանում է ամրապնդել Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի հետ ապագա ցանկացած բանակցություններում։

Սպասվում էր, որ Քիտ Քելոգն Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը կներկայացնի Գերմանիայում Մյունխենի անվտանգության համաժողովում, որը տեղի կունենա փետրվարի 14-16-ը։ Սակայն Քելոգն ասել է, որ Դոնալդ Թրամփն ինքը կներկայացնի ծրագիրը, եւ դա տեղի չի ունենա մոտ օրերս։ Bloomberg-ի տվյալներով՝ Քելոգը Թրամփին կներկայացնի խաղաղ ծրագրի տարբերակներ «առաջիկա շաբաթներին»։

Քիտ Քելոգը, Bloomberg-ի աղբյուրների տվյալներով, կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ Մյունխենի անվտանգության համաժողովում, ինչպես նաեւ կայցելի Կիեւ եւ որոշ եվրոպական երկրներ։ Միաժամանակ Քելոգը չի պատրաստվում մեկնել Մոսկվա։