ԱՄՆ նախագահի վարչակազմը ԵՄ դաշնակիցներին նախապես չի զգուշացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու Դոնալդ Թրամփի մտադրության մասին։ Երկու առաջնորդների միջեւ բանակցությունների արդյունքները շատերի կողմից եվրոպական մայրաքաղաքներում ընկալվել են որպես «դավաճանություն», եւ այստեղ սկսել են վախենալ, որ ԱՄՆ-ը զիջումների կգնա Ռուսաստանին, Bloomberg-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։ Եվրոպացի դիվանագետներից մեկը, խոսելով Euracrtiv-ի հետ, ԱՄՆ քաղաքականության փոփոխությունն անվանել է Ուկրաինայի «կանխիչ հանձնում», իսկ մի քանի այլ դիվանագետներ խոստովանել են, որ իրենք «տհաճ կերպով զարմացած են»:


Պուտինի հետ Թրամփի զրույցի մասին հաղորդագրությունների հայտնվելուց անմիջապես հետո Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում ընդգծել են. «Ուկրաինան եւ Եվրոպան պետք է լինեն ցանկացած բանակցությունների մաս»: «Մենք անհամբեր սպասում ենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ հետագա քայլերի քննարկմանը: Մեր ընդհանուր նպատակները պետք է լինեն Ուկրաինային ուժեղ դիրք ապահովելը»,- նշել են նախարարները։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ «Եվրոպան պետք է կենտրոնական դեր խաղա ցանկացած բանակցություններում»։ «Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունն անվերապահ են։ Այժմ մեր առաջնահերթությունը պետք է լինի Ուկրաինայի հզորացումը եւ անվտանգության հուսալի երաշխիքների ապահովումը»,- ասել է Կալասը։

Միեւնույն ժամանակ, ըստ Financial Times-ի աղբյուրների, ԵՄ-ը սկսել է վախենալ, որ Թրամփը Եվրոպայից կպահանջի վճարել Ուկրաինայի վերականգնման համար եւ խաղաղապահներ տեղակայել՝ վերահսկելու խաղաղ համաձայնագրի կատարումը: «Ամերիկացիները չեն տեսնում Եվրոպայի դերը պատերազմի հետ կապված կարեւոր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործում։ Սա կլինի միասնության իսկական փորձություն։ Թրամփը մեզ փող է համարում։ Եվ, անկեղծ ասած, մեզ համար պարզ չէ, թե այս գումարի դիմաց որն է լինելու մեր տեղը [բանակցությունների] սեղանի շուրջ»,- ասել է թերթի զրուցակիցներից մեկը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին չի բավարարի այն տարբերակը, երբ ԱՄՆ-ը կասի. «Մենք պայմանավորվել ենք հրադադարի մասին, ձեզ մնում է մնացածը»։

Պուտինի եւ Թրամփի միջեւ առաջին պաշտոնական հեռախոսազրույցը Սպիտակ տուն հանրապետականի վերադարձից հետո տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 12-ին։