«Հետք» հետաքննական կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ կայքը պատրաստվում է իր վերջին հետաքննություններից մեկում բացահայտումներ անել այն մասին, թե իշխանություններն ինչպես կարողացան «ոչնչացնել մեդիադաշտը»։
Գրառման մեջ ասվում է.
«Յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է դարձել ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք: Հիմա ձեռի հետ պատգամավոր աշխատող Լֆիկը միանգամից բացել է երկուսը: Բավականին ժամանակ է մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետեւ մեդիա դաշտում, մենք, կարծես թե, արդեն տեղ և անելիք չունենք: Բայց մի քանի հետաքննություններ ունենք ընթացքի մեջ, դրանք պետք է ավարտել: Եվ դրանցից մեկով էլ կներկայացնենք թե ինչպես իշխանությունը կարողացավ ոչնչացնել մեդիադաշտը: Ինչ պրոյեկտներ է իրականացրել նախկինում և այժմ ինչ է անում Բաղրամյան 26-ը: Այս կամ այն լրատվամիջոցի որ լրագրողն է տանում, ասենք վարչապետի գիծը, որը ոստիկանապետի գիծը....որ օլիգարխը որ լրատվամիջոցին ինչքան է վճարում: Ովքեր են հեռուստաընկերությունների իրական սեփականատերերը: Ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների, առանձին լրագրողների հետ: Ինչպե՞ս մենաշնորհվեց գովազդի դաշտը, ով է այնտեղ հիմնական խաղացողը: Եւ հրաժեշտ հայաստանյան մեդիադաշտին»: