Կիևի իշխանությունները պետք է դիտարկեն ԱՄՆ-ի առաջարկը՝ ուկրաինական հազվագյուտ հողային ռեսուրսներն օգտագործել որպես անվտանգության երաշխիքների մաս։ Այս մասին Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։
«Իմ կարծիքով, նման տնտեսական համագործակցություն սկսելը հիանալի գաղափար է, քանի որ այն կապահովի Ուկրաինայի անվտանգությունը։ Նրանք կիմանան, որ Միացյալ Նահանգները ներգրավված է տնտեսապես, և որ մենք տնտեսական շահ ունենք Ուկրաինայում։ Սա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մի մասն է, և նրանք պետք է դրան նայեն այդ տեսանկյունից»,- ասել է պաշտոնյան։
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Կիևը կհամաձայնի հազվագյուտ մետաղների ոլորտում գործարքի կնքմանը։ «Նրանք շատ թանկարժեք մետաղներ ունեն։ «Ֆինանսների նախարարը [Սքոթ Բեսենտը] Կիևում էր, նա եկել էր [Վոլոդիմիր] Զելենսկու հետ քննարկելու թանկարժեք մետաղներով վճարումները՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի տրամադրած օգնության չափը», - հավելել է Քելոգը։