«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով արբիտրաժային դատարան բավականին մեծ գումար է վճարել: Իհարկե, տարիներ շարունակ գաղտնի էր պահվում վճարված թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Փաշինյանի կառավարությունը արբիտրաժի դատական ծախսերի համար վճարել է 79 մլն 748 հազար դրամ, որը համարժեք է 200 հազար ԱՄՆ դոլարի:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) 2024 թվականի հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է, որ վարում է Միացյալ Նահանգներում գրանցված ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը։ Ըստ առկա տվյալների՝ արբիտրաժային գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին։
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի բացումը կռվախնձոր էր դարձել կառավարության և բնապահպանների միջև: Ամիսներ տևած բողոքի ակցիաներից, անհնազանդության կոչերից և նստացույցերից հետո 2023 թվականի փետրվարին Կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Բնապահպանների ահազանգերից, տևական բողոքի ակցիաներից ու քրեական գործից հետո գործադիրը հայտարարում է՝ այլևս խոչընդոտներ չկան:

«Հետքը» գրել էր, որ բացի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, Հայաստանի շահերի պաշտպանությանը ներգրավված է նաև Foley Hoag ընկերությունը։ Կառավարությունը, սակայն, գաղտնի էր պահում ամերիկյան այս ընկերության հետ կնքված պայմանագրի գինը՝ նշելով, թե գործի գաղտնիության պատճառով չի կարող տրամադրել այն։

«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի աշխատակազմի 2025 թվականի գնումներն ուսումնասիրելիս նկատեց, որ այս գործի համար արբիտրաժային դատական ծախսերի համար Կառավարությունը հատկացրել է 79 մլն 748 հազար դրամ, որը համարժեք է 200 հազար ԱՄՆ դոլարի։

Հարկ է նշել, որ Հայաստանի շահերի պաշտպանությունը ստանձնած Foley Hoag իրավաբանական ընկերությունը Հայաստանի շահերը պաշտպանում է նաև Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի «կենսաբազմազանության ոչնչացման» հարցով միջպետական արբիտրաժային վարույթի շրջանակներում։
Այս գործում Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «իր տարածքների ապօրինի բռնազավթման շուրջ 30 տարվա ընթացքում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման համար»։

«Հետքը» հիշեցրել է նաև, որ այս ընկերությունը ներգրավված է նաև «Սանիթեք»-ի գործով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության իրականացմանը։ Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 6-ին: Աղբահանության ոլորտում ծագած արբիտրաժային գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի հիման վրա:

Մեկ տարի առաջ այս գործի գաղտնիության պատճառաբանությամբ պայմանագիրը չէր տրամադրվել լրատվամիջոցներին, իսկ այժմ, երբ գուցե գաղտնիության փուլն անցել է, Կառավարությունը հրապարակել է այն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: