«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, բոլորովին վերջերս ՔՊ-ին անդամակցած Սարիկ Մինասյանը հայտնվել է բավականին ծանր վիճակում: Մեզ տեղեկություններ են հասնում, որ Մինասյանի դեմ ակտիվ պայքար են մղում ոչ միայն մյուս թեկնածուները, այլեւ մարզի ՔՊ-ականները, եւ դա խորքային պատճառ ունի. 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ Փաշինյանը սկսել է ընտրություններում առաջադրել մարդկանց, ովքեր, մեղմ ասած, հեռու են եղել 2018 թվականի իրադարձություններից ու «քայլած» չեն: Իսկ իր հետ «քայլածներով» հաջողության հասնելը Փաշինյանի համար դառնում է գրեթե անհնարին, ուստի փրայմերիզներով նա սկսել է ներգրավել թարմ դեմքերի՝ դրանով իսկ սահուն կերպով ազատվելով իր հետ քայլած, բայց, ըստ էության, հանրապետությունում ազդեցություն չունեցող ՔՊ-ականներից: Նման իրավիճակ է նաեւ Փարաքար համայնքում, որտեղ թեկնածուն նույնպես ընտրվել է փրայմերիզով ու «քայլած» չէ: Փաշինյանի նման դիրքորոշումը բնական է, քանզի իր թիմակիցները պարտություն են կրել հանրապետության համայնքների մեծագույն մասում, այդ թվում խոշոր քաղաքներում՝ Կապան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան եւ բազմաթիվ խոշորացված համայնքներում, իսկ Երեւանում Ավինյանը քաղաքապետ դարձավ կոալիցիայով՝ չնայած որ ընդդիմության միավորման դեպքում նա չէր դառնա քաղաքապետ:

Ու նկատենք, որ նույն ծանր վիճակում է ՔՊ Երեւանի կառույցը:

Փաստացի, ՔՊ-ի «հին» կազմը քաղաքական բեռ է Նիկոլի համար, իսկ այդ մարդկանց իր հետեւից տանելը դառնում է դժվար. ուստի թարմ դեմքերի հոսք է սպասվում 2026 թվականի ընտրություններից առաջ: Կարճ ասած, եթե Գյումրիում հաղթում է Սարիկ Մինասյանը, ապա մեկնարկելու է ՔՊ-ն քաղաքական 0-ներից մաքրելու գործընթացը, իսկ այս ամենը ողնաշարով զգացող կուսակցականների համար Սարիկն ու իր նմանները դառնում են ոխերիմ հակառակորդներ:

Տպավորություն է, թե ՔՊ-ականները ուրախ կլինեն ընդդիմության հաղթանակով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: