«Հրապարակ» թերթը գրում է. «Հնուց ի վեր Հայաստանում ընդունված էր, որ բարձրաստիճան պաշտոնյային գործից ազատում էին, մի տեղ խորհրդական կամ օգնական էին նշանակում, որ պետությունից բարձր աշխատավարձ ստանա։ Նույնն անում է Նիկոլ Փաշինյանը՝ յուրայիններից ում պաշտոնանկ է անում, անգործ չթողելու, չնեղացնելու, ընդդիմության շարքերը չհամալրելու համար, իրեն խորհրդական ու օգնական է կարգում։ Ասում են՝ նրանց մի մասին անգամ չի ճանաչում, ոմանց անունները չի հիշում եւ տեսնում է դեպքից դեպք։


Նիկոլ Փաշինյանն ունի երկու գլխավոր խորհրդական՝ նախկին նախարար Արտակ Քամալյանը, նախկին մարզպետ եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։ Մյուս խորհրդականներն են Լոռվա նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Սերժ Սարգսյանի ժամանակ Իրանում նախկին դեսպան Արտաշես Թումանյանը, եւ մեկ հասարակական հիմունքներով խորհրդական՝ կենսագրություն չունեցող Սուրեն Մաղաքյանը, որի միակ պաշտոնը ինչ որ անհայտ «Լիարժեք կյանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնն է եղել։


Փաշինյանը նաեւ 4 օգնական ունի՝ ազգությամբ ասորի Արսեն Միխայելովը, բժիշկ-ատամնաբույժ Գագիկ Իսախանյանը, նախկին մարզպետ Դավիթ Գեւորգյանը, «ԱլիքՄեդիա» լրատվականի միջազգային լուրերի թարգմանիչ Կարինե Դավոյանը։