Հիմար բաներով խաբել եք դուք ու ձեր իշխանությունը այս տարիների ընթացքում, ոչ թե մենք, մենք փորձում ենք իրականություն ցույց տալ մեր ժողովրդին: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Այստեղ դիսկուրսը, իրականում, դուք նորից փորձում եք տեղափոխել «պատերազմ, թե խաղաղություն» դիսկուրսի մեջ։ Սա բնավ դրա մասին չէ։ Մենք ամեն դեպքում գործ ունենք մի երկրի հետ, ում հետ երկար տարիներ ունեցել ենք կոնֆլիկտ: Այդ երկրին աջակցում է մի հատ այլ մեծ երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ: Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, ով քնած հային սպանողին հերոսացրել է, ով տարեց դիակներ է պղծել, դրանք հրապարակել և շատ ու շատ այլ բաներ։ Ի վերջո էթնիկ զտման է ենթարկել մեր հայրենակիցներին, մինչև այդ շրջափակման մեջ պահելով, սովի մատնելով, ու հիմա էլ շարունակում է ցինիկաբար դատել մեր հայրենակիցներին, բոլորի առջև խախտելով բոլոր տեսակի մարդու իրավունքները, համամարդկային նորմերը։
Մենք երբեք դեմ չենք եղել խաղաղությանը։ Դուք ճանաչել եք, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով։ Իրենք նման բան չեն արել։ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում ու նաև նշել կոնկրետ քառակուսի կիլոմետր։ Իրենք դրան զուգահեռ նույնը չեն անում։ Դուք վերադարձրել եք բոլոր գերիներին, նրանք նույնը չեն արել։
Սահմանադրության մասով իրենց մտահոգություններին Ձեր ՍԴ-ն որոշում է կայացնում փարատելու համար, դրանից նրանք չեն հանգստանում, խոսում ենք նոր Սահմանադրություն ընդունելու մասին: Զուգահեռ Ադրբեջանի սահմանադրությունը ունի նման պահանջներ մեզ հետ կապված, մենք դրանց մասին շատ թեթև ու վախվորած ակնարկում ենք:
Հետ եք քաշում մեր դիրքերը, օրինակ Տավուշում, իրենց կողմից անգամ խոսք չկա, որ իրենք պատրաստվում են հետ գնալ այն տարածքներից, որոնք իրենք օկուպացրել են։
Նրանք խոսում են 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, մեր իշխանությունները նույնիսկ վախենում են արցախահայության վերադարձի պահանջ դնել, գոնե թեման պահել օրակարգում:
Մեր մտավախությունն այն է, որ այս ճանապարհին իրենք ստանում են այն, ինչ ուզում են, ու ի վերջո այն վտանգները մեր երկրի գլխին կանգնած շարունակում են մնալ»,- հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ հավելելով, որ չի կարող կիսել իշխանությունների լավատեսությունը:
Ի պատասխան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Խոսքը բոլորովին լավատեսության կամ հոռետեսության մասին չէ, խոսքը միմիայն իրատեսական լինելու ձգտման մասին է։ Իհարկե եղել է թշնամանքը, եղել է էթնիկ զտումը, իհարկե լսում ենք հռետորաբանությունը: Իհարկե մարտահրավերները կան, բայց այդ մարտահրավերներին կառավարելու ձևը ո՞րն է: Մենք համոզված ենք, որ կա միայն մի ճանապարհ՝ բանակցել և խաղաղություն կառուցել։
Նույնական չեն նարատիվները, այո, լսում ենք հավելյալ պահանջներ, բայց կա նաև նույնական հատվածը, օրինակ, այն համաձայնագիրը, որի տեքստը մենք համաձայնեցրել ենք, եւ որը բխում է ՀՀ շահերից: Քառակուսի մետրով համաձայնագրում նշված չի, բայց և Հայաստանը, և Ադրբեջանը այդ համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը։
Ես ձեզ վստահեցնում եմ, սահմանազատման գործընթացում սահմանի գիծը որոշելուց հետո, եթե պարզվում է, որ հայկական զինված ստորաբաժանման կամ սահմանապահ ծառայության հենակետ պետք է տեղաշարժվի, տեղաշարժվում է, եթե պարզվում է, որ ադրբեջանական ստորաբաժանման հենակետ պետք է շարժվի, դա ևս շարժվում է, միակողմանի չի լինում։ Սահմանը, եթե սա է, եթե հայկական ուժն առաջ հետ է գալիս, եթե ադրբեջանական ուժն առաջ, ինքն է հետ գնում»:
Լեւոն Քոչարյանն ասաց. «Ադրբեջանը որտեղ կարողանում, քցում է։ Միշտ էլ քցելու են, քանի կարողանանա, քցելու են»։
Միրզոյանը նշեց. «Մենք էլ թերահավատություն ունենք Ադրբեջանի նկատամամբ, մեր մոտ էլ կա վստահության պակաս, մենք էլ ենք տեսնում, որ կառուցողական չեն, հավելալ պահանջ են դնում»։