Առնվազն ինը մարդ է զոհվել Եմենի մայրաքաղաք Սանային ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Եմենի առողջապահության նախարարությանը։

Հաղորդվում է նաև, որ վիրավորվել է ինը մարդ:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել «վճռական և հզոր ռազմական գործողություններ» Եմենի հութիների դեմ։

«Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անողոք արշավ են վարում ամերիկյան և այլ նավերի, ինքնաթիռների և անօդաչու սարքերի դեմ։ Ջո Բայդենի պատասխանը ողբալիորեն թույլ էր, ուստի անսանձ հութիները պարզապես շարունակեցին գործել»,- գրել է Թրամփը՝ կոչ անելով նաև Իրանին «անհապաղ դադարեցնել» աջակցությունը հութիներին։