Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնում է՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։


Ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ ընդգծում է՝ «հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։


Հավելեմ նաև, որ, երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է», - փոխանցել են նախարարությունից՝ շեշտելով՝ «պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են»։