Ամեն ինչ կանեմ, որ հետագայում Հայաստանում Հենրիխ Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի: Նրա վերադարձի մասով Մխիթարյանի դիրքորոշումը շատ հստակ է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Իհարկե, շատ մեծ ուրախությամբ կուզեի եւ, նաեւ, ամեն ինչ կանեմ, որ հետագայում Հայաստանում լինի Հենրիխ Մխիթարյանի անունով մարզադպրոց: Նա Հայաստանի պատմության ամենաուժեղ ֆուտբոլիստն է եւ, բնականաբար, բոլորս կուզենք նրա անվան մարզադպրոց լինի այստեղ: Նա դեռ գործող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եւ այդ հարցը կքննարկենք հետագայում:

Ես ասել էի, որ ամեն ինչ կանեմ, որ Հենրիխ Մխիթարյանը վերադառնա հավաքական, բայց նա շատ հստակ պատասխանել է այդ մասին: Ես նրա հետ անձամբ խոսել եմ 2022 թ., 2023 թ. մեր մարզիչն է խոսել նրա հետ: Երկու դեպքում էլ նա նույն դիրքորոշումն է արտահայտել»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը: