Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում առաջ է քաշում պնդում, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պայմանավորում Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ, այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն և ոչ թե որպես խաղաղության համաձայն համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։
Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ հետևաբար, պիտի արձանագրենք, որ ՀՀ սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն ՀՀ ՍԴ-ն, այսինքն Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել, ի՞նչ է պարունակում և ի՞նչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։
Մեր ՍԴ-ն 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմ Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի վեցին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, ահա այս արձանագրումը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։
Եվ հետևաբար, Հայաստանի սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անպեկանելի որոշմամբ սահմանել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ մյուս կողմից, Հայաստանն է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության մեջ տեսնում տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ. «Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմ Աթայի հռչակագրում։
Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ այն ստորագրելը, Ինչո՞ւ: Որովհետև մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստը ուղարկել Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը սահմանադրության հետ, մեր սահմանադրության հետ ստուգելու համար։ Չնայած փորձագետները 2025 թվականի Սահմանադրական դատարանի որոշումից հետո սեպտեմբերի, իմ հիշատակած, նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության և հակամարտության միջև։
Բայց եթե Հայաստանի ՍԴ-ն որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև և խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիր Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի և խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի Սահմանադրության հինգերորդ հոդվածի երրորդ կետը, որտեղ ասվում է, մեջբերում եմ. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:
Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և հետևաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը և սա է, որ շատ փորձագետներին հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտածածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ, ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: